Գլխավոր Լրահոս

Մետրոյից՝ ճանապարհներ. Երևանի անավարտ խոստումների քարտեզը

Մետրոյից՝ ճանապարհներ. Երևանի անավարտ խոստումների քարտեզը

Հայկ Հովհաննիսյան

Երևանի քաղաքային իշխանությունները վերջին տարիներին հայտարարել են ենթակառուցվածքային մի շարք նախագծերի մասին, որոնք պետք է լուծեին մայրաքաղաքի բեռնաթափման, հանրային տրանսպորտի և այլ հիմնախնդիրներ: Սակայն այդ խոստումների իրագործման ժամկետները հաճախ հետաձգվում են կամ դրանք ընդհանրապես մոռացվում են:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018-ի և 2023-ի նախընտրական ծրագրերում բազմաթիվ խոստումներ է տվել քաղաքի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, այդ թվում` նոր ճանապարհների, մետրոյի կայարանների, ավտոկայանատեղիների կառուցման:

Նորքը կենտրոնին կապող ճանապարհներ. փոխվող ժամկետներ

2023-ի հունվարին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց ավտոճանապարհային երկու կարևոր նախագծերի մեկնարկի մասին, որոնք պետք է Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները կապեին Երևանի կենտրոնին:

Առաջին նախագծով նախատեսվում էր Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից ճանապարհ կառուցել դեպի Մյասնիկյան պողոտա։ Այս ճանապարհը պետք է պատրաստ լիներ 2023-ի տարեվերջին, սակայն շինարարությունը դեռ չի մեկնարկել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերին հայտնել էր, որ նախագիծը մրցույթի կդրվի միայն 2025-ին։Քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհի կառուցման «հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել», քանի որ աշխատանքները դեռ «նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գնման գործընթացում են»։

Երկրորդ նախագծով` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցը բեռնաթափելու համար Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով պետք է միացվեր Սարալանջի շրջանցիկ ճանապարհին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2023-ի հունվարին հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլին՝ խոստանալով, թե 2023-ի հունիսից «մարաշցիները կօգտվեն» այդ ճանապարհից։

Ճանապարհի կառուցման չկայացած երկու մրցույթից հետո պայմանագիր էր կնքվել «Արհովշին ՍՊԸ»-ի հետ: Ճանապարհը ներկայում արդեն շահագործվում է, սակայն շինարարական աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել, և այն պաշտոնապես շահագործման չի հանձնվել:

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից 2025-ի ապրիլի 28-ին հայտնել են, որ չնայած պայմանագրային ժամկետն ավարտվել է, սակայն շինարարությունը նախատեսվում է ավարտել ապրիլին։ 

Մետրոյի կայարանները՝ խոստումներում և թղթի վրա

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը վերջին տասնամյակներում մշտապես եղել է քաղաքային իշխանությունների խոստումների առանցքում՝ Երվանդ Զախարյանից մինչև Տիգրան Ավինյան:

2022-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր 2024-ին սկսել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը: 2024-ի հունվարին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես հույս էր հայտնել նույն տարում սկսել կայարանի շինարարությունը և ավարտել չորս տարում:

Սակայն, ինչպես պարզվում է, իրական ժամկետները խիստ տարբերվում են խոստացվածից: Քաղաքապետարանը #CivilNetCheck-ին հայտնել է, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը 2026-ից շուտ չի մեկնարկի, իսկ ավարտը նախատեսվում է միայն 2032-ին:

«Աջափնյակ» կայարանի կառուցման ժամանակացույցը

Մեկ այլ՝ պայմանական «Սուրմալու» միջանկյալ կայարանը, որը «Քաղաքացիական պայմանագիրը» 2023-ի նախընտրական ծրագրում խոստացել էր կառուցել մինչև 2026-ը, նույնպես դեռ չի անցել նախագծային փուլը: 2023-ի սեպտեմբերին Ավինյանն այս ժամկետում կառուցելը համարում էր «շատ իրատեսական»։

Տես՝ Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». զգուշացե՛ք՝ մետրոյի խոստումները սին են

Ըստ քաղաքապետարանի վերջին պատասխանի՝ «Սուրմալու» կայարանի ծրագիրը «ներկայում գտնվում է հայեցակարգային մշակման և ներդրումների բանակցման փուլում»: Տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը նախատեսվում է հայտարարել «տարվա երկրորդ եռամսյակում»:

Վերգետնյա ավտոկայանատեղիների մոռացված նախագիծը

2023-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին արված այս հայտարարության մեջ նշվում էր, որ ավտոկայանատեղիի էսքիզային տարբերակները «առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվեն մայրաքաղաքցիներին»:

Ուշագրավ է, որ նման խոստում տրվել էր նաև 2018-ին: «Իմ քայլը» դաշինքը նախընտրական իր ծրագրում խոստացել էր երթևեկության բեռնաթափման նպատակով կառուցել վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ, սակայն 2023-ի ծրագրում այս կետը չէր ներառվել:

2024-ի հունիսին #CivilNetCheck-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ դեռ «գաղափարական» մակարդակում է, իսկ վերջին պատասխանում պարզապես նշում է, որ «այս պահի դրությամբ դեռևս պատրաստի նախագծեր չկան»:

Արշակունյաց-Իսակովի ճանապարհը՝ սպասման մեջ

Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը 2022-ի հունիսին հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհայտարարվի Արշակունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա կամուրջ կառուցելու մրցույթ:

Ծրագրով նախատեսված կամուրջը և ճանապարհը, որոնք միացնելու են Իսակովի և Արշակունյաց փողոցները, պետք է էապես թեթևացնեն Երևանի երթևեկությունը: Այս ճանապարհը նախագծված է դեռ 2013-ից, երբ շահագործման հանձնվեց Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային միացնող Մոնթե Մելքոնյան փողոցը:

Կառուցման մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է միայն 2024-ի դեկտեմբերի 25-ին՝ շուրջ երկու տարի ուշացումով: Ըստ քաղաքապետարանի՝ շինարարությունը պետք է մեկնարկի 2025-ին, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

Կարդացե՛ք նաև՝ 2024-ի չկատարված խոստումներն ու կանխատեսումները

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում