Գլխավոր Լրահոս

Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». զգուշացե՛ք՝ մետրոյի խոստումները սին են

Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». զգուշացե՛ք՝ մետրոյի խոստումները սին են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը վերջին տասնամյակներում մշտապես եղել է քաղաքային իշխանությունների խոստումների առանցքում, սակայն այդպես էլ իրականություն չի դարձել։

Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022-ի ապրիլին հայտարարեց «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի մեկնարկի և ֆինանսավորման մասին, իսկ շաբաթներ անց հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև «Սուրմալու» միջանկյալ կայարանի կառուցումը՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։

2022-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին. «Հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի։ Ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասեցի, և 2024-ին պետք է սկսենք շինարարությունը»։

2024-ի հունվարին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց նույն տարում սկսել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը և այն ավարտել չորս տարում։ «Այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը, և եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար [...] չորս տարում մենք մետրոն [կայարանը՝ խմբ.] կունենանք»,- ասել էր Ավինյանը։

Կայարանի շինարարությունը կմեկնարկի 2026-ից ոչ շուտ

«Աջափնյակի» նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարվել էր դեռ 2020-ի հոկտեմբերին և մեկ տարի անց՝ 2021-ի հոկտեմբերին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 1,8 մլրդ դրամի պայմանագիր էր կնքել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի հետ։

Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 10-ին #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պետական փորձաքննության փուլում են, և շինարարությունը 2026-ից շուտ չի մեկնարկի։

Էկրանապատկերը՝ քաղաքապետարանի պատասխան գրությունից։

Քաղաքապետարանից նշել են, որ 2025-ի պետական բյուջեում նախատեսվում է հատկացնել շուրջ 9,6 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար)՝ ծրագրի «նախապատրաստական աշխատանքների» իրականացման համար։

Ավելի վաղ՝ 2024-ի հուլիսի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնի էր դարձել, որ ծրագրվում է շինաշխատանքները ավարտել 2032-ին։

«Աջափնյակ» կայարանի կառուցման ժամանակացույցը

Խոստումներ, խոստումներ, խոստումներ

Մետրոյի նոր կայարանների կառուցման խոստումների պատմությունը սկսվում է առնվազն 2007-ից։ Այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարում էր, որ առաջնահերթ կկառուցվեն «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ և Կոմիտասի փողոց տանող գծերը:

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք (2009-2010) հայտարարվում էր, թե նախատեսվում է Աջափնյակի կայարանի կառուցման շինաշխատանքները սկսել 2010-2011 թվականներին։

2015-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս հայտարարում էր Աջափնյակում մետրոյի երկու կայարանների կառուցման հնարավորության և «մինչև տարեվերջ» նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու մասին։

2017-ին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, կանգնած «Աջափնյակ» կայարանի տարածքում, խոստանում էր ընտրվելու դեպքում մինչև 2022-ը այն կառուցել և շահագործման հանձնել։ Նա քաղաքապետ չդարձավ։

«Իմ քայլը» դաշինքը 2018-ի նախընտրական ծրագրում խոստացել էր հինգ տարում կառուցել մետրոյի առնվազն մեկ կայարան, որը, ըստ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, պետք է լիներ Աջափնյակում։

Տես՝ Խոստում-իրականություն. «Իմ քայլի» չկատարված խոստումները

Հայաստանի հեղափոխական իշխանությունները չկատարեցին նախընտրական այս խոստումները, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» դրանք կրկին ներառեց  2023-ի նախընտրական ծրագրում՝ խոստանալով մինչև 2028-ը կառուցել «Աջափնյակ» կայարանը, 2026-ին՝ «Սուրմալու» միջանկյալ կայարանը, իսկ իսկ 2027-ին ունենալ Մալաթիա-Սեբաստիայի կայարանի նախագիծը։

Էկրանապատկերը՝ ՔՊ-ի 2023-ի նախընտրական ծրագրից։

Տիգրան Ավինյանը, մինչ քաղաքապետ ընտրվելը, խոստացել էր Աջափնյակում կառուցել մետրոյի «Նազարբեկյան» կայարան ու ևս մեկ կայարան՝ Դավթաշենում, սակայն այս խոստումները չեն ներառվել նորընտիր ավագանու պաշտոնական որևէ ծրագրում։

2023-ի սեպտեմբերին Ավինյանը հայտարարել էր, որ մինչև 2028-ը «շատ իրատեսական» է համարում «Աջափնյակ», մինչև 2026-ը՝ «Սուրմալու» կայարանի միջանկյալ կայարանի կառուցումը։

Մետրոպոլիտենի զարգացման սխեման՝ «Աջափնյակ», «Սուրմալու» և «Նազարբեկյան» կայարաններով։

Չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի հունվարին ակնկալում էր նույն տարում սկսել և չորս տարում ավարտել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, ներկայում որպես սկիզբ նշվում է 2026 թվականը։

Մետրոյի մյուս կայարանների ճակատագիրն անորոշ է

«Սուրմալու» և «Մալաթիա-Սեբաստիա» կայարանների կառուցման նախագծերը, որոնք ներառված են Երևանի 2024-2028 թթ. զարգացման հնգամյա ծրագրում, դեռ չեն մտել որևէ գործնական փուլ։

#CivilNetCheck-ի՝ «Սուրմալու» կայարանի կառուցման վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը տվել է ընդհանրական պարզաբանումներ՝ առանց կոնկրետ ժամկետների և մանրամասների։ Ըստ դրա՝ միջանկյալ կայարանի ծրագիրը «մեկնարկային» փուլում է, և «առաջիկայում» նախատեսվում է հայտարարել տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծման մրցույթ։

«Շարունակվում են բանակցությունները միջազգային գործընկերների հետ ֆինանսավորման շուրջ։ Ծրագրի իրականացման մեխանիզմի, ժամկետների ու ֆինանսավորման մանրամասները պարզ կլինեն նշված տեխնիկատնտեսական ու նախագծային աշխատանքների հիման վրա հանրային ներդրումային ծրագրի հաստատումից հետո»,- նշված է ստացված գրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում