Գլխավոր Լրահոս

ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր

ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել է տարեկան առնվազն 1,500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում։ 2021-ի նախընտրական ծրագրում էլ ՔՊ-ն խոստացել էր տարեկան 1,000 հեկտարով ավելացնել ինտենսիվ այգիները:

«Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023-ը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը: Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50- 60%-ը: Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն»,- նշված էր ՔՊ-ի 2021-ի ծրագրում։ 

#CivilNetCheck-ը գնացել է այս խոստումների հետքերով՝ ուսումնասիրելով նաև տնտեսական մի շարք այլ ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացումը։

Այգեգործությունից՝ թվայնացում. գյուղատնտեսական խոստումների պատկերը 

Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2021-ից մինչև 2026-ի մայիսի 25-ը փաստացի հիմնվել է շուրջ 5,270 հեկտար ինտենսիվ այգի, ինչը նշանակում է, որ տարեկան 1,000 հեկտարի թիրախն ընդհանուր առմամբ պահպանվել է։ Այսպիսով, հինգ տարվա համար նախատեսված 5,000 հեկտարի թիրախը ընդհանուր առմամբ ոչ միայն պահպանվել, այլև գերազանցվել է։

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Ինչ վերաբերում է մշակաբույսերի ամբողջական ապահովագրության ներդրմանը, որը պետք է ներառեր հիմնական մշակաբույսերը, ապա նախարարությունից հայտնում են, թե ապահովագրական ծրագիրը, որը մեկնարկել էր երկու մշակաբույսով, 2023-ին արդեն ընդգրկում էր 13 մշակաբույս և գործում էր Հայաստանի բոլոր մարզերում։ Ապահովագրությունը տարածվում էր չորս ռիսկի վրա, իսկ ապահովագրավճարի սուբսիդավորումը ծրագրի ընթացքում կազմել է 50-80%։

Սակայն նախարարության պատասխանը չի հաստատում, որ ներդրվել է մշակաբույսերի «ամբողջական» ապահովագրություն կամ ներառվել են բոլոր հիմնական մշակաբույսերը։

Գյուղատնտեսական կենդանիների ապահովագրությունն էլ չի ներդրվել․ գերատեսչությունից հայտնում են, որ դրա ներդրման հարցը դեռ քննարկվում է։

2021-ին ՔՊ-ն խոստացել էր մինչև 70% սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության պատասխանի՝ 2021-ին գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի հավաստագրված սերմերի գինը պետությունը սուբսիդավորել է 50-70%-ով։

Աշնանացան ցորենի հավաստագրված սերմերի դեպքում 2021-ին սուբսիդավորումը կազմել է 30%, իսկ 2022-ին սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50%-ը փոխհատուցվել է միասին։

2024-2026-ին մոտեցումը փոխվել է․ նախատեսվել է փոխհատուցել մինչև 100 հեկտար տարածքի համար ոչ միայն հավաստագրված սերմերի արժեքի, այլև հիմնական գյուղատնտեսական աշխատանքների՝ վարի, ցանքի և բերքահավաքի ծախսերի 50%-ը։

Անասնաբուծությունից՝ թվային գյուղատնտեսություն

2026-ի նախընտրական ծրագրով ՔՊ-ն խոստացել է կառուցել 50 «խելացի անասնաշենք»։ Նման խոստում կար նաև 2021-ի ծրագրում։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2021-ից «Խելացի» անասնաշենքերի պետական աջակցության ծրագրով կառուցվել է 50 անասնաշենք։

Վերջին ընտրությունների ծրագրով ՔՊ-ն նաև խոստացել է տոհմային խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը եռապատկել՝ 2,5%-ից հասցնելով 7,5%-ի։ 2021-ի ծրագրով նախատեսվում էր ձեռք բերել 3000 գլուխ տոհմային կենդանի։

Նախարարության տվյալներով՝ տավարաբուծության զարգացման ծրագրերով ձեռք է բերվել 2504 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, իսկ ոչխարաբուծության և այծաբուծության աջակցության ծրագրերով՝ 2282 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի։ Ընդհանուր թիվը կազմում է 4786։

Սակայն այս ցուցանիշը չի կարելի ամբողջությամբ վերագրել 2021-ի խոստման կատարմանը։ Նախարարության նշած ծրագրերից մի քանիսը մեկնարկել են դեռ 2019-ին, իսկ տվյալները տարանջատված չեն ըստ տարիների։ Հետևաբար պատասխանից հնարավոր չէ պարզել, թե 4786 կենդանիներից քանիսն են ձեռք բերվել 2021-ի ընտրություններից հետո։

ՔՊ-ի խոստումներից էր նաև թվային և ճշգրիտ գյուղատնտեսության ներդրումը, այս մասով նախարարությունից հայտնում են, որ իրականացվել են քարտեզագրական և տվյալների համակարգման աշխատանքներ։ ArcGIS Enterprise համակարգում ձևավորվել են թեմատիկ տարածական շերտեր, որոնք ցույց են տալիս աջակցության ծրագրերի ու շահառուների բաշխվածությունը։ 

Գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է այդ տվյալները ինտեգրել և հասանելի դարձնել նոր ազգային գեոպորտալի միջոցով։ Սակայն նախարարության ներկայացրած աշխատանքները հիմնականում վերաբերում են տվյալների թվայնացմանն ու քարտեզագրմանը և չեն հաստատում, որ թվային և ճշգրիտ գյուղատնտեսությունն ամբողջությամբ ներդրվել է։

ՔՊ-ի 2021-ի ծրագրում խոստացվել էր նաև հավաքական պահեստներ ստեղծել Հայաստանում և արտահանման հիմնական շուկաներում։ Ըստ նախարարության պատասխանի՝ 2021-ի դեկտեմբերից Բեռլինում է գործում հայկական գինիների միասնական հավաքական պահեստ և Եվրոպայում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակ։ Այսպիսով, արտահանման շուկաներից նախարարությունը փաստացի նշում է միայն մեկը։

Հայաստանում 2023-2025-ին միջազգային կառույցների աջակցությամբ կամ մասնավոր ներդրումներով ստեղծվել և գործարկվել է շուրջ 154 սառնարանային պահեստավորման ենթակառուցվածք։

Էկրանապատկերը Բեռլինի հայկական գինիների պահեստի առցանց հարթակից
Էկրանապատկերը Բեռլինի հայկական գինիների պահեստի առցանց հարթակից

Զբոսաշրջության ոլորտի խոստումները. ենթակառուցվածքների բարեկարգումից՝ զբոսավարների որակավորում 

2021-ի նախընտրական ծրագրով ՔՊ-ն խոստանում էր մինչև 2023-ը բարեկարգել 20 զբոսաշրջային վայր, ներդնել զբոսաշրջային փաթեթների վաճառքի առցանց հարթակ, ակտիվացնել մարքեթինգն ու ինֆլուենսերների հետ համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել ոլորտի տնտեսվարողների հաշվառում և զբոսավարների պարտադիր որակավորում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում 2019-2024-ին իրականացվել է 41 շինարարական աշխատանք։ Դրանցից 18-ն ավարտվել է մինչև 2023-ի վերջը, ևս 17-ը՝ 2024-ին։ Որոշ աշխատանքների ժամկետները երկարաձգվել են։

Սակայն նախարարության պատասխանից հնարավոր չէ միանշանակ պարզել՝ այդ աշխատանքներից քանիսն են վերաբերել հենց նախընտրական ծրագրով խոստացված 20 զբոսաշրջային վայրերին։ Բացի այդ, ներկայացված թվերը չեն ամբողջացնում 41 աշխատանքի պատկերը, քանի որ մնացած աշխատանքների կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Արդեն 2026-ի նախընտրական ծրագրով ՔՊ-ն խոստանում է նաև 7 զբոսաշրջային կլաստերների ստեղծում:

Հայաստանի հանրահռչակման և ինֆլուենսերների հետ համագործակցության մասով նախարարությունը հայտնում է, որ Զբոսաշրջության կոմիտեն տարեկան հյուրընկալում է առնվազն 55 լրագրողի և սոցիալական հարթակներում հայտնի անձանց։ 2025-ին հյուրընկալված լրագրողների և ինֆլուենսերների թիվը հասել է 79-ի։

Ինչ վերաբերում է զբոսավարների պարտադիր որակավորման և տնտեսվարողների հաշվառման խոստումներին, նախարարությունը հայտնում է, որ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքն ուժի մեջ է մտել 2024-ի սեպտեմբերին։ Դրանից հետո՝ 2026-ի մարտին, կառավարությունը սահմանել է զբոսավարների որակավորման ընթացակարգը, իսկ ոլորտի տնտեսվարողների հաշվառման notify.tourism.gov.am  առցանց հարթակն այժմ գտնվում է գործարկման և ներդրման փուլում։ 

Զբոսաշրջային փաթեթների վաճառքի առցանց հարթակի ստեղծման խոստման վերաբերյալ նախարարությունը որևէ տեղեկություն չի ներկայացրել։

Այսպիսով, խոստումների մի մասն իրականացվել է, սակայն ոչ բոլորի կատարումն է հնարավոր ամբողջությամբ հաստատել։ Չեն ներդրվել կենդանիների ապահովագրությունն ու զբոսաշրջային փաթեթների վաճառքի առցանց հարթակը, իսկ մի շարք ծրագրեր դեռ մասնակի կամ ներդրման փուլում են։

Տես՝ Տնտեսական աճ՝ առանց խոստացված սոցիալական արդյունքի․ ՔՊ-ի 2021-ի ծրագրի հետքերով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում