Գլխավոր Լրահոս

Գյուղատնտեսությունը անկո՞ւմ է ապրում, թե՞ զարգանում․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Գյուղատնտեսությունը անկո՞ւմ է ապրում, թե՞ զարգանում․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը օգոստոսի 14-ին խորհրդարանում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը «էական զարգացում է ապրել»՝ պայմանավորված բազմաթիվ ծրագրերով։ 

Թունյանը նաև ասել է, որ վիճակագրության տվյալներին խիստ վերապահումով է մոտենում։ «Եթե վիճակագրական կոմիտեն հրապարակում է, որ գյուղատնտեսության ոլորտն աճել է այսքան տոկոսով կամ անկում ապրել այսքան տոկոսով, ես այդ տվյալներին խիստ վերապահումով եմ մոտենում, որովհետև ես չգիտեմ այդ տվյալները ինչի վրա են հիմնված»:

Նույն օրը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հակառակ տեսակետն է հայտնել՝ պնդելով, որ գյուղատնտեսությունը անկում է ապրում։  

«Ձեր կարծիքով՝ կես տարում ինչքա՞ն է գյուղատնտեսության աճը եղել Հայաստանում։ 2026-ին կես տարում գյուղատնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, անկում է գրանցել։ 1․4 մլրդ դոլար վարկ ենք վերցնում, բայց գյուղացին աղքատանում է»,- ասել է Կարապետյանը։ 

Թեև Նարեկ Կարապետյանն իր ելույթում չէր նշել, թե գյուղատնտեսության անկման չափը որքան է, մի շարք լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան էջեր (Yerevan.Today, Slaq.am, 21 TV, Vector Media) Կարապետյանի ԱԺ-ի ելույթը տարածել էին ոչ ամբողջական տարբերակով։

Արդյունքում տպավորություն էր ստեղծվել, թե Կարապետյանը գյուղատնտեսության անկումը գնահատել է 1.4 մլրդ դոլար։ 

#CivilNetCheck-ը գնացել է այս հակասական պնդումների հետքերով։

Ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է  շուրջ 310 մլրդ դրամ։ 

2025-ի առաջին 6 ամիսներին գյուղարտադրանքը կազմել է շուրջ 316 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 6 մլրդ դրամով կամ շուրջ 16,5 մլն դոլարով։

Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից
Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից

Ուստի, պաշտոնական վիճակագրական տվյալները հաստատում են Կարապետյանի պնդումը, որ վերջին կես տարում գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին

Գյուղատնտեսության ոլորտի ավելի երկար ժամանակահատվածի դիտարկումը ցույց է տալիս, որ Բաբկեն Թունյանի պնդումը զարգացման վերաբերյալ միանշանակ չէ։ 

2018-ից հետո ՔՊ իշխանության 8 տարիներից 4-ում (2018, 2019, 2021, 2023) նախորդ տարվա համեմատ ոլորտում գրանցվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների անկում։Միևնույն ժամանակ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, վերջին երկու տարիներին ոլորտում իսկապես աճ է գրանցվել. 2025-ին գյուղատնտեսության արտադրանքը կազմել է 1,57 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.6%-ով. 2024-ին աճը կազմել է 2% (961,6 մլրդ )։ 

Հատկանշական է, որ դրամային աճը կարող է պայմանավորված լինել ոչ միայն արտադրանքի ֆիզիկական ծավալների ավելացմամբ, այլև գնաճային գործոններով։ 

Վարկավորման ծավալն աճել է

Բաբկեն Թունյանը գյուղատնտեսության զարգացումը կապել է նաև ոլորտում իրականացվող պետական բազմաթիվ ծրագրերի հետ։ Իսկ Նարեկ Կարապետյանը նշել էր, որ ոլորտի եղած աճը վարկերի հաշվին է։

Կառավարության՝ 2025-ի կատարողականի ամփոփ տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմել է 378,9 մլրդ դրամ կամ 1,43 մլրդ դոլար, որը 2024-ի համեմատ աճել է 10,4 %-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 2,3 անգամ:  

Էկրանապատկերը՝ e-gov.am-ից
Էկրանապատկերը՝ e-gov.am-ից

Անասնաբուծությունն ու բուսաբուծությունը թվերով․ ի՞նչ է կատարվում կոնկրետ ճյուղերում 

Դրամական արտահայտությամբ անասնաբուծության ու բուսաբուծության ճյուղերում  վերջին երկու տարիներին աճ է արձանագրվել, սակայն կոնկրետ ճյուղերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական ծավալների մասով պատկերը միանշանակ չէ։ 

Անասնաբուծություն․ արտադրողականության աճ, բայց գլխաքանակի նվազում

2025-ին անասնաբուծության արտադրությունն աճել է 1,8%-ով՝ հասնելով 517,3 մլրդ դրամի։  Չնայած այս աճին՝ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է՝ 491,600-ից հասնելով 475,800-ի։

Կաթի արտադրությունը ևս նվազել է 1,5%-ով, թեև 1 կովի միջին կաթնատվությունն ըստ  պաշտոնական տվյալների աճել է ՝ 2024-ի 2,567 կգ-ից 2025-ին հասնելով 2,610-ի։

Միաժամանակ մսի (կենդանի և թռչուն) արտադրությունն աճել է մոտ 2%-ով, իսկ ձվի արտադրությունը՝ մոտ 12%-ով։

Բուսաբուծություն․ ավելի փոքր տարածքից՝ ավելի շատ բերք 

Բուսաբուծության ոլորտում 2025-ին արձանագրվել է ուշագրավ միտում․ ցանքատարածությունները կրճատվել են գրեթե բոլոր հիմնական մշակաբույսերի գծով, սակայն բերքատվության բարձրացման հաշվին արտադրության ծավալներն ավելացել են։ Հացահատիկի ցանքատարածությունները նվազել են 5,2%-ով, բերքն աճել է 15%-ով (253 հազ. տոննա):

Կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են 7,6%-ով, արտադրությունն աճել է 1,3%-ով (342,2 հազ. տոննա):

Բանջարեղենի ցանքատարածությունները նվազել են 4%-ով, արտադրությունն աճել է 2%-ով (662,500 տոննա):

Փորձագետի գնահատականը․ ինչքանո՞վ են վստահելի թվերը 

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ գյուղատնտեսությունն իր աճի տեմպերով էապես զիջում է տնտեսության մյուս ճյուղերին։

Ըստ փորձագետի՝ պետական խոշոր միջոցներն ու վարկերը հիմնականում ուղղվում են խոշոր տնտեսվարողներին՝ ջերմոցներ, ֆերմաներ, քանի որ այնտեղ արդյունքն ավելի տեսանելի է։ Մինչդեռ ոլորտի հիմքը կազմող փոքր ու միջին ֆերմերներին աջակցությունը բավարար չի հասնում, և նրանց մոտ տեխնոլոգիական էական փոփոխություն չի եղել։

Սարդարյանը համամիտ է Բաբկեն Թունյանի այն դիտարկման հետ, որ վիճակագրական տվյալները խիստ հարաբերական են։ Սարդարյանի խոսքով՝ ի տարբերություն այլ ոլորտների, օրինակ՝ շինարարության, գյուղատնտեսության մեջ չկա ճշգրիտ հաշվառման մեխանիզմ։

«Տվյալները սուբյեկտիվ են ու մոտավոր, քանի որ հավաքվում են համայնքապետերի «աչքաչափով» արված գնահատականներով։ […] Մինչև 2018-ը Գյուղնախարարությունը շահագրգռված էր թվերը լավ ցույց տալ և արհեստականորեն ավելացնում էր հեկտարներն ու կաթնատվությունը: Այսօր էլ չկա որևէ հստակ վիճակագրություն, թե իրականում քանի կով է կթվում կամ որքան կաթ է ստացվում»,- ընդգծում է նա։ 

Այսպիսով, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2026-ի առաջին կիսամյակում գյուղատնտեսության արտադրանքը նվազել է, մինչդեռ 2024 և 2025 թվականներին տարեկան աճ է գրանցվել։ Սակայն այդ աճը միանշանակ չէ․ արտադրանքի դրամային արժեքի ավելացմանը զուգահեռ նվազել են ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում