«Պատիվ ունեմ»-ը չի աջակցի Մարուքյանին, դեմ է «Փաշինյանին «Փաշինյան 2»-ով փոխարինելուն»

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը մերժում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացին աջակցությունը։
Խմբակցության պատգամավորները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: «Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։
Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշված է հայտարարությունում։
«Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովին հանձնվել են 107 պատգամավորի անունով նամակներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնել են ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ Շարժման անդամները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը և խախտել կառավարության ծրագրի հիմքերը։ Շարժմանն աջակցում է ՀՀԿ-ն, որը հայտարարել է պատրաստ է աջակցել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը։
Քոչարյանն այսօր հրապարակված հարցազրույցում Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է «զրոյին ձգտող հավանականություն ունեցող» նախաձեռնություն։
Civilnet










