Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն›› համաժողովին իր ելույթի ժամանակ։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը նշել է, որ դրա համար երկու խնդիր կա։ 

«Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապակցում է երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսն անվանել, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան»: 

«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին և նույն վայրում»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը համաժողովի եվրոպացի հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի մյուս նախապայմանը, որը վերաբերվում է Հայաստանի սահմանադրությանը։ Բաքուն պնդում է, թե այն իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին:  

«Ընդհանուր առմամբ պարզ է, որ կողմերը միմյանց նկատմամբ պետք է որևէ տարածքային պահանջ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում