Այժմ դիվանագիտական խողովակով խորհրդակցություն է իրականացվում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում։ Գրիգորյանի խոսքով, խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ առաջընթաց կա։ Որպես առաջընթաց՝ պաշտոնյան մատնանշել է սահմանազատման գործընթացը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված։
«Սահմանազատման արդյունքում հիմա մենք ունենք 12,7 կմ սահմանազատված հատված, և հավելյալ սահմանային գիծ, որտեղ երկու կողմում էլ գտնվում են սահմանապահ զորքերը, և վերջին հինգ տարվա ընթացքում մեկ միջադեպ է եղել, որտեղ սահմանապահ զորքերն են»,- ասել է Գրիգորյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչ հայկական կողմը խաղաղության մասին է խոսում, ադրբեջանցիները շարունակում են կրակել, արդյոք էսկալացիայի վտանգ կա, Արմեն Գրիգորյանը կրկնել է վարչապետի խոսքերը՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Գրիգորյանը հիշեցրել է նաև հայկական կողմի առաջարկի մասին՝ ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ:
«Շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի հետաքննության մեխանիզմը ստեղծենք»,- ասել է Գրիգորյանը:
Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Civilnet











