«ՄԻՊ-ը կուսումնասիրի խնդիրը, եթե լինի դիմում»․ պաշտպանի գրասենյակը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Գևորգ Թոսունյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի ստացել որևէ դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին պաշտպանի գրասնյակից՝ խնդրելով մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունը։
Վարչապետը, դիմելով հոգևորականներից մեկին, գրել էր․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», ըստ էության՝ նույնականացնելով հասցեատիրոջը ու թիրախավորելով իգական սեռի ներկայացուցչի։
Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պաշտպանին վերապահում է անկախ վերահսկողության գործառույթ՝ պետական մարմինների և պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման ոլորտում։
ՍիվիլՆեթը հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետի հայտարարությունը խախտում չէ այդ շրջանակում։
«Անձի նույնականացման վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել: Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում կիրականացնի լիազորությունները»,- ասված է պաշտպանի գրասենյակի պատասխանում։
Գրասենյակը նաև հայտնել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է:
Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել էին վարչապետի հայտարարությունը և կոչ արել դադարեցնել կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում։
«Անկախ նրանից՝ վարչապետի խոսքը ճշգրիտ է, թե ոչ, սեռական կյանքը քաղաքական պայքարի գործիք դարձնելը և նման բառապաշարի կիրառումն անթույլատրելի է»,- նշված էր ՀԿ-ների համատեղ հայտարարությունում։
Civilnet










