Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի. «մեդիան՝ աղբանոց» արտահայտության շուրջ փաստարկներ ու հակափաստարկներ դատարանում

ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի. «մեդիան՝ աղբանոց» արտահայտության շուրջ փաստարկներ ու հակափաստարկներ դատարանում

Գևորգ Թոսունյան

««Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արել է նախ և առաջ ՍիվիլՆեթի վերաբերյալ». hունիսի 3-ին դատարանում հայտարարեց ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը։

Այս տարվա հունվարին Սիվիլիթաս հիմնադրամը դատական հայց էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։

Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին։

ՍիվիլՆեթի ներկայացուցչի փաստարկները

Հունիսի 3-ի նիստին ՍիվիլՆեթի ներկայացուցիչը հիմնավորեց, թե ինչու է արտահայտությունը վիրավորական՝ մեջբերումներ անելով բառարաններից։ Ավելի վաղ Ավինյանի փաստաբան Վահագն Գասպարյանը պնդել էր, որ այդ արտահայտությունն ուղղված չի եղել լրատվամիջոցին, այլ եղել է ընդհանրական գնահատական։

Դատավոր Տիգրան Գրիգորյանը խնդրեց անդրադառնալ հենց արտահայտությանը՝ հիշեցնելով այդ հանգամանքը։

Տոնոյանն ասաց, որ նման պնդումը պատասխանողի՝ Տիգրան Ավինյանի ներկայացուցչի կողմից կատարվել է բացառապես պատասխանատվությունից ազատվելու համար, սակայն իրականում այն ուղղված է եղել հենց ՍիվիլՆեթին։

Նա հիշեցրեց, որ Ավինյանն այդ արտահայտությունն արել է Ֆակտորի ուղիղ եթերում՝ ի պատասխան նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մեղադրանքների, Մարությանը մեջբերել էր հենց ՍիվիլՆեթի հոդվածը։ Տոնոյանը մեջբերեց նաև Ավինյանի խոսքերը։

«...Հիմա տեսեք, պարոն Մարության, ձեր սիրելի Սիվիլնեթը, երբ որ մի հոդված է գրում, ձեր շատ սիրելի Սիվիլնեթը, այո, OCCRP-ի ներկայացուցիչ Սիվիլնեթը, երբ որ հոդված է գրում, և արդեն դատական հայցը կա, և հորս էլ նույնպես հորդորել եմ, որ այս սուտ հոդվածի բերումով դատական հայց ներկայացնի, որովհետև, կներեք, բայց մեդիան մեզ մոտ դառելա մի հատ մեծ աղբանոց, և ով ինչ ուզում, խոսում է և անպատիժ»,- ասել էր Ավինյանը։ 

Տոնոյանի խոսքով՝ Ավինյանի միտքը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ նա խոսում է հենց ՍիվիլՆեթի մասին, և պատճառաբանում է, որ Սիվիլնեթի դեմ հայց է ներկայացրել, որովհետև մեդիան դարձել է աղբանոց։

«Այն, որ վիրավորական արտահայտությունն ուղղված է եղել հայցվորին, այդ ընկալումն ունեցել է նաև հաղորդավար Ռոբերտ Անանյանը, որը նախ խնդրում է հանգիտ թողնել մեդիային, ինչին Ավինյանը պատասխանում է, որ իր ասածը վերաբերում է որոշ մեդիաների, ապա Անանյանը հասցեական է խնդրում չթիրախավորել Սիվիլնեթին»,- շեշտեց փաստաբանը։

Տոնոյանը նաև մեջբերեց Եվրոպական դատարանի ու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ իր խոսքը հիմնավորելու նպատակով։

Փաստաբանն իր փաստարկները հիմնավորելու համար անդրադարձավ Հայաստանի ժուռնալիստների միության 2024-ի դեկտեմբերի 20-ի հայտարարությանը՝ նշելով, որ ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել Ավինյանի վիրավորական արտահայտությանը։ Նա մեջբերում արեց հայտարարությունից․ «Բանավեճի ժամանակ Ավինյանը հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ նշել՝ «որոշ մեդիաներ»՝ նկատի ունենալով նախ ՍիվիլՆեթի հրապարակումը, որի առնչությամբ, իհարկե, դատի է տվել լրատվամիջոցին, մինչդեռ հոդվածը սուտ որակելով՝ Ավինյանը չի ներկայացրել որևէ հերքող փաստարկ»։

Այնուհետև Տոնոյանը ներկայացրեց ապացույցները։

Ավինյանի ներկայացուցչի փաստարկները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ իր ներկայացրած դիրքորոշումը չի վերաբերում բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին, այլ հստակ առանձին դեպքերի, որոնց մասով գոյություն ունեն դատական նախադեպեր, երբ դատարանները իրավունքի խախտում են ճանաչել։

Նա ընդգծեց, որ որոշ լրատվամիջոցների նկատմամբ կիրառված գնահատականները հիմնված են բարեխղճորեն արված հղումների վրա, իսկ Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարությունը, ըստ Գասպարյանի, չի կարող դիտվել որպես ընթացիկ գործին վերաբերող իրավազոր կամ որոշիչ փաստաթուղթ։

Գասպարյանը նաև նշեց, որ գործի ընթացակարգային փուլում ներկայացված որոշ տեսանյութեր դեռ չեն կարող դիտարկվել որպես ընդունված ապացույցներ, քանի որ չեն ներկայացվել սահմանված կարգով։ Նրա խոսքով՝ տեսանյութերին պետք է տրվի կողմերի հասանելիություն, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց դիրքորոշումը։

Դատական նիստի ավարտին հայտարարվեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին։

Հայցերն ու պահանջները

ՍիվիլՆեթն այս գործով դատարանին խնդրում է Տիգրան Ավինյանին պարտավորեցնել «Ֆակտորի» ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոնշյալ արտահայտության համար և հեռուստաընկերության կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը։

Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

ՍիվիլՆեթի հետաքննական հոդվածի համար էլ Տիգրան Ավինյանը դատական հայցով պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ Ավինյանի հայցը Սիվիլիթասի դեմ նախորդել է Սիվիլիթասի հայցին նրա դեմ։

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը:

Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում