«Մեդիան դարձել է մի մեծ աղբանոց». Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի

Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատի է տվել ՍիվիլՆեթին ու հայտարարել է, որ հորը ևս հորդորել է դատական հայց ներկայացնել։ Հայցի պատճառը ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննական հոդվածն է, որը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։
Ինչ է ասել Ավինյանը
Չորեքշաբթի երեկոյան «Ֆակտոր» ՀԸ-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճում Ավինյանը, արձագանքելով Մարությանի՝ իրեն ուղղված մեղադրանքին և ՍիվիլՆեթի ու OCCRP-ի վկայակոչված հոդվածին, ասել է, որ արդեն իսկ դատական հայց կա ՍիվիլՆեթի դեմ, և հորը հորդորել է նման մի հայց ևս ներկայացնել։ Ավինյանի հոր ղեկավարած ընկերությունը եղել է ՍիվիլՆեթի հետաքննության կենտրոնում։
Բանավեճի ժամանակ Ավինյանը նաև հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ ասել՝ «որոշ մեդիաներ»։
Քաղաքապետը ՍիվիլՆեթի հոդվածը որակելով սուտ՝ չի ներկայացրել հերքող որևէ փաստարկ։
Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 10-ին, նրանք հայցադիմում են ներկայացրել դատարան։
ՍիվիլՆեթի հետաքննությունը բացահայտել է, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։
Քաղհասարակությունը քննադատում է Ավինյանի հայտարարությունը
Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը անընդունելի է համարում Տիգրան Ավինյանի հայտարարությունը։
«Լրատվամիջոցին աղբ անվանելն արդեն իսկ խնդրահարույց է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նա։ Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ հարցը, ինչպես նաև ՍիվիլՆեթի հրապարակումը քննվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ ««Քաղաքացիական պայմանագիրը» պետք է դիրքորոշում հայտնի Ավինյանի հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ»,- ասաց Պապյանը։
Նա Ավինյանին կոչ է անում գործը լուծել արտադատական կարգով։ Այդ նպատակով գործում է Տեղեկատվական վեճերի խորհուրդը և Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը։ Պապյանի խոսքով՝ որոշ դեպքերում դատարաններն իրենք են դիմում Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու խորհրդատվական կարծիք։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարծում է, որ Ավինյանը պարտավոր է հանդուրժող լինել իր հասցեին հնչող քննադատությանը։
«Ավելին, պարտավոր է բաց և հաշվետու լինել հասարակության առջև և բարձրացված հարցերին տալ հիմնավոր և հստակ պատասխաններ, ոչ թե շտապել հաշվեհարդար տեսնել իր թերությունների ու բացթողումների մասին բարձրաձայնող լրագրողների հետ»,- Ֆեյսբուքում գրել է Դոյդոյանը։
ՍիվիլՆեթի «դատական անցյալը»
ՍիվիլՆեթն իր գործունեության ընթացքում ոչ միայն որպես պատասխանող է եղել դատարանում, այլ նաև հայցվոր՝ ստանալով հանրային նշանակության տեղեկատվություն։
Օրինակ՝ 2024-ի հունվարին ՍիվիլՆեթն ու «Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստանը» դատարանում հաղթել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ տեղեկատվություն չտրամադրելու համար։
Սիվիլնեթը նույն կազմակերպության հետ 2022-ի նոյեմբերին շահել է նաև վարչապետի աշխատակազմի դեմ դատական գործը։ Վարչապետի աշխատակազմը հրաժարվում էր տրամադրել Հայաստանի ամենախոշոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը՝ այն անվանելով «առևտրային գաղտնիք»։
Դատական վերջին գործերից էր «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի՝ մի հետաքննության մասով, որը բացահայտել էր նրա պաշտոնեական դիրքի չարաշահումները։ («Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր», «Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը»): ՍիվիլՆեթը դատական գործերով հաղթանակ է գրանցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում։ Հետաքննությունների արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից։
Civilnet










