Գլխավոր Լրահոս

«Մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ». Ջալալ Հարությունյանի բացատրությունները դատարանում

«Մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ». Ջալալ Հարությունյանի բացատրությունները դատարանում

«Առաջին անգամ ասել եմ, որ հնարավոր է՝ մերոնք լինեն, բայց երկրորդ անգամ, երբ ասել է, որ մոտենում են, մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ»,- հունիսի 6-ին «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Դատարանը քննում էր նրա ազատազրկման դատավճռի բողոքը։

Ըստ քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, յոթը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման։

«Դուք ընդունում եք, որ պատասխանել եք, բայց տարբերությունն այն է, որ ըստ մեղադրական կողմի՝ դուք հաստատակամ ասել եք «այո՛, յուրայիններ են», մինչդեռ դուք պնդում եք, որ ասել եք «հնարավոր է, որ յուրայիններ լինեն», քանի որ մոբից փախած մոտ 700 հոգի կային այդ տեղանքում։ Ճի՞շտ է»,- հարցրեց դատավոր Մխիթար Պապոյանը։ Հարությունյանը դրական պատասխան տվեց։

Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, հունիսի 6, 2025: Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի/ՍիվիլՆեթ։

Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Հարությունյանը կարող էր ընդհանրապես չպատասխանել դիվիզիոնի այդ հարցին։ «Ես կարող էի չպատասխանել, քանի որ դիվիզիոնը այն օղակը չէ, որ պատասխանեմ։ Եթե ինչ-որ խնդիր է լինում, բրիգադի հրամանատարն է զեկուցում»,- ասաց նա։

Դատավորը հարցրեց, թե ով է այդ հարցը տվել։ «Բրիգադի հրամանատարի տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը»,- պատասխանեց Հարությունյանը։

Դատավորը հարցրեց, թե արդյոք որոշակի գործողություն պիտի կազմակերպեր և նոր պատասխաներ։ Հարությունյանը բացատրեց, որ Բաղդասարյանն իրավունք ուներ հարցնել որպես քննարկում։ «Եթե Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի տեղեկությունը լիարժեք է, պատասխանը հնչելու էր առանց կասկածանքների։ Եթե հստակ չէ, ապա վերապահումով է մոտենում։ Մարտական կանոնադրություններում սահմանված է, որ պիտի հետախուզություն վարվի»,- ասաց նա։

Դատավորը հարցին՝ ինչ է ենթադրում հետախուզությունը, Հարությունյանը պատասխանեց՝ անօդաչու թռչող սարքերով կամ արբանյակի միջոցով տեղեկություններ հավաքելը։ Դատավորը նշեց, որ արբանյակի միջոցով տեղեկություններ հավաքելու հնարավորություններ չեն եղել։

Հարությունյանը հարց տվեց ի պատասխան՝ ով պիտի ճշգրիտ տեղեկությունները տար բանակի հրամանատարին, եթե ոչ դիվիզիոնի հրամանատարական դիտակետը։ «Ինքն է եղել, որ չորս դիտակետ պիտի լիներ, երեքը չի ծավալել, էն մեկում էլ հակառակորդին տեսնելուց հետո ասել է՝ հավաքվում ենք»,- ասաց նա։

Դատավորը հարցրեց, թե ինչ գործողություններ պիտի կատարեր պատասխանելու համար։ Հարությունյանը նշեց, որ միակ գործողությունը աշխատանքային քարտեզին նայելն էր և երկրորդ զանգի ժամանակ է մոտեցել քարտեզին։ «Առաջին անգամ ասել եմ, որ հնարավոր է՝ մերոնք լինեն, բայց երկրորդ անգամ, երբ ասել է, որ մոտենում են, մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ»,- ասաց նա։

Երկրորդ անգամ օպերատիվ բաժնի պետը զեկուցել է, որ տեղեկություն չունի։ Երբ դատավորը հարցրեց, թե արդյունքում հնարավոր է, որ սխալվել է, Հարությունյանը ասաց, որ հետևանքը նկատի ունի։

Դատավորը հարցրեց, թե ինչ կարող էր փոխվել, եթե չսխալվեր։ Հարությունյանը նշեց, որ ընդհանուր վարույթում գտնվող գործերը նայելիս՝ էական ոչ մի բան չէր փոխվի։ «Դիվիզիոնի հրամանատարական կազմը դեռևս մինչև ճշտելը, տրամադրված էին, որ հրանոթները թողնեն և դուրս գան»,- ասաց նա։

Երբ դատավորը հարցրեց մարդկային կորուստների մասին՝ եթե ճիշտ պատասխան տայիր, կարո՞ղ էր մարդկային կորուստներ չունենալ, Հարությունյանն ասաց, թե չի հասկանում՝ այդ հարցին ինչպես պատասխանի։ «Եթե խրամատներ փորեին, դիմակայեին, ոչ մի նման բան տեղի չէր ունենա»,- ասաց նա։

Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը, նիստի ժամանակ ասաց, որ թերացումներ բոլորն են ունեցել, սակայն անկյունաքարային դրվագը եղել է «մերոնք են» պատասխանը․ «Սրանից է ամեն ինչը բխել։ Պաշտպանը նշեց, որ բանակի հրամանատարը դիվերսիոն խմբերի մասին (խմբ՝ մինչև այս դեպքը) կարգադրություն էր իջեցրել։ Եթե ասում եք՝ դիվերսիոն խմբեր կային, ապա ի՞նչն է ձեզ խանգարել, որ ասեք՝ չգիտեմ ովքեր են, տեղում որոշում ընդունեք»։

Դատական նիստի ընթացքում վեճեր եղան նաև հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի անկողմնակալության վերաբերյալ։ Պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ Նավասարդյանին մեղադրելով, որ իր անձնական մեքենայով Երևանից Գորիս է տեղափոխել քրեական գործով հարցաքննվող վկաներին։ Պաշտպանությունը նշում է, որ քրեական գործով վկաներից մեկի ցուցմունքը արմատական փոփոխություն է ունեցել նախաքննության և դատաքննության ընթացքում։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի/ՍիվիլՆեթ։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ բացատրելով, որ վկաներին իր մեքենայով տեղափոխելը զուտ «տեխնիկական բնույթի» է եղել, քանի որ վկաները ֆինանսական միջոցներ չունեին դատարան գալու համար։ Նավասարդյանն ընդունում է, որ «վկայի նկատմամբ ազդեցությունը, վկայի ցուցմունքի ուղղորդումը անթույլատրելի է», սակայն պնդում է, որ ինքը որևէ ազդեցություն չի ունեցել։

Դատարանը բացարկի միջնորդությունը համարեց անհիմն՝ նշելով, որ նույնիսկ եթե դատախազը նման լիազորություններ չուներ վկաների և տուժողների հետ շփվելու, դատարանը կկարողանա գնահատել ապացույցների արժանահավատությունը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

***

Դ-20 դիվիզիոնի դեպքի առթիվ հարուցվել էր մեկ այլ քրեական գործ։ Դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Այս գործը ևս դատաքննության փուլում է:

Տե՛ս նաև՝  

Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին

Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը սա գնահատում է որպես ձգձգման փորձ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում