Գլխավոր Լրահոս

Գիշերային ժամերին կարճատև կրակոցներ լսվում են․ Սյունիքի մարզպետ

Գիշերային ժամերին կարճատև կրակոցներ լսվում են․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի հարավային սահմանին գիշերային ժամերին կրակոցներ են հնչում։

«Գիշերային ժամերին կրակոցների ձայներ լսվում են սահմանին, սակայն դրանք կարճատև են», - ասաց Ղուկասյանը՝ արձագանքելով սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին։

Մարզպետի նշած կրակոցների մասին սակայն պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել էր, որ «նախարարությունը չի հայտարարում այն կրակոցների մասին, որոնք վտանգ չեն պարունակում»։ Ըստ նախարարի, դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք ադրբեջանական կրակոցները նպատակ ունեն խուճապ տարածել Սյունիքի բնակիչների շրջանում: Մարզպետը նշեց, որ նման եղանակով խուճապ տարածելը դժվար կլինի։

«Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել», - ընդգծեց մարզպետը։

Ղուկասյանը նաև նշեց, որ սահմանային կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում խաղաղության օրակարգին։ Նրա խոսքով, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են առանց վախի։

«Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել, չկա վախ, որ չի կարող, որովհետև ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, գիշերային ժամերին է կրակոց»,- հավելեց Ռոբերտ Ղուկասյանը։

Այս տարվա մարտից պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաղորդել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական գյուղերի ուղղությամբ։ Ադրբեջանի թիրախում հիմնականում հայտնվում են Սյունիքի մարզի գյուղերը, ինչի հետևանքով բնակելի տներ են վնասվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կրակոցների ֆոնին սկսել է պարբերաբար հայտարարել, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում