Մոլորված տղաները չէին հատել Ադրբեջանի սահմանը․ մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչները չեն հատել Հայաստանի սահմանը և չեն հայտնվել Ադրբեջանի տարածքում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
«Ինչքանով, որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը։ Ես կարծում եմ՝ ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան»,- ասել է մարզպետը լրագրողների հետ զրույցում խորհրդարանում։
Հունիսի 6-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Նույն օրը երեկոյան գործակալությունը տեղեկացրել էր, որ նրանք արդեն գտնվել են և Հայաստանում են։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տղաները մոլորվել են ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Միաժամանակ ԱԱԾ-ն հերքել էր տեղեկությունները, թե տղաներին առևանգել էին ադրբեջանցիները, սակայն չէր հստակեցրել՝ նրանք իսկապես հատե՞լ են սահմանը, թե ոչ։
Քննչական կոմիտեից էլ ՍիվիլՆեթին հայտնել են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչների մոլորվելու դեպքով քրեական վարույթ է հարուցվել՝ առևանգման հատկանիշներով։
Civilnet










