Գլխավոր Լրահոս

«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը

«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը

Հունիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հարցաքննության ընթացքում քննության առարկա դարձավ նրբագիծ հարցը՝ արդյոք նա արտաբերել է «մերոնք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են» բառերը, երբ 2020-ի հոկտեմբերի 12-ին իրազեկվել է դիվիզիոնի ուղղությամբ առաջխաղացող զինված խմբի վերաբերյալ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման։

Հունիսի 11-ի նիստին դատավորներից Լուսինե Աբգարյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանին՝ խնդրելով պարզաբանել պաշտպանի վերաքննիչ բողոքի այն հատվածը, ըստ որի՝ Հարությունյանին սխալ են փոխանցել դիվիզիոնի վրա եկողների տվյալները։ Ապրեսյանը ասաց, որ իր պնդումները հիմնավորող ցուցմունքներ կան։

«Ջալալ Հարությունյանի խոսքը փոխանցվել է Գենադի Բաղդասարյանին (ՊԲ հրետանու պետ - Հ․Ղ․), նրանից էլ շտաբի պետին, շտաբի պետից՝ կապի հանգույցի պետին, որից հետո միայն տեղեկությունը հաղորդվել է կապավորին։ Տվյալ դեպքում մենք չենք կարող ասել, թե այս օղակում որտեղ՝ ինչ կատարվեց կամ չկատարվեց: Եթե Ջալալ Հարությունյանի խոսքը եղել է ոչ միանշանակ, այլ հավանականության տեսանկյունից և հասել է դիվիզիոնի կրակային դիրք «միանշանակ» փոխանցված, ուրեմն ինչ-որ օղակում Ջալալ Հարությունյանի «հնարավոր է» բառակապակցությունը հանվել է և փոխանցվել է, որ «մերոնք են»,- ասաց փաստաբանը։

Ըստ պաշտպանի՝ «եթե Ջալալ Հարությունյանը հստակ ասած լիներ, որ դիվիզիոնին մոտեցողները հայկական ուժեր են, երկրորդ անգամ ճշտելու անհրաժեշտություն չէր առաջանա»։

Բաղդասարյանը չէր կարող խեղաթյուրել հրամանատարի խոսքը․ զոհվածի ծնող

Փաստաբանի հայտարարության վերաբերյալ առարկություն ուներ զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։ Նա 14 տարի ծառայել է պաշտպանության բանակի շտաբում։ Նա համոզմունք հայտնեց, որ պաշտպանը որոշ տվյալներ խեղաթյուրում է ու ոչ ճշգրիտ ներկայացնում։

«Պաշտպանի ասելով այն ձևի տպավորություն է ստեղծում, որ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը մի 10 խողովակով անցել է: Մինչդեռ խորացված հրամանատարական կետի մարտական կառավարման կետում այլ տրամաբանություն է գործում, հրամանը կամ տեղեկատվությունը բանակի հրամանատարից անցնում է հրետանու պետին, այնուհետև աշխատակիցներ, հետո հրետանու կառավարման կետ»,- նշեց նա`հավելելով, որ այս օղակում զինվոր չկա, որ բառերը խեղաթյուրվի։ 

«Ես անձամբ բոլորին լավ ճանաչելով, խորացված հրամանատարական կետում հազար անգամ եղել եմ։ Իմանալով Գենադի Բաղդասարյանին և բանակի հրամանատարին, հաստատ կարող եմ ասել՝ Գենադի Բաղդասարյանը չունի այն «քաջությունը», որ մի բառ անգամ խեղաթյուրի բանակի հրամանատարի խոսքը»,- ասաց Ասրյանը։

«Ի՞նչ ես ճշտում, մենք քեզ ասում ենք թուրքեր են, դու ճշտո՞ւմ ես»

Այսօրվա նիստին Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրներով պայմանավորված, խնդրեց նստած ելույթ ունենալ։

ՊԲ նախկին հրամանատարը մեջբերեց հակառակորդին ավելի վաղ նկատած մեկ այլ վկայից ցուցմունքից հատված։ Այդ վկան «ՑՕՐ»-ի հրետանու պետին հարցրել է․ «Ի՞նչ ես ճշտում, մենք քեզ ասում ենք թուրքեր են, դու ճշտո՞ւմ ես»։

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հետաքրքրվեց, թե այդ տվյալները փոխանցվում են հրամանատարական կետ։ Հարությունյանը դրական պատասխան տվեց։ Դատավորը նաև հետաքրքրվեց՝ հայտնել են, թե՝ ոչ։ ՊԲ նախկին հրամանատարը այս հարցին միանշանակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հստակ կարող է ասել Գենադի Բաղդասարյանը։

«Չեմ կարող ասել, այդ հարցին կպատասխանի Գենադի Բաղդասարյանը, բայց Դավիթ Ավետիսյանը (18-րդ դիվիզիայի հրետանու պետ - Հ․ Ղ․) նշում է, որ ինքը դիվիզիայի հրամանատարին զեկուցել է»,- ասաց Հարությունյանը։

«Այսինքն դուրս է գալիս, որ օպերատիվ տվյալները հստա՞կ են եղել, որ դիմացը հակառակորդներ են»,- հետաքրքրվեց Պապոյանը, ինչին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց․ «Այո, տվյալները միանշանակ են եղել։ Կոնկրետ այդ պահի տվյալները հրետանու պետը ինձ չի փոխանցել»։

Նիստին Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը կրկին մեջբերեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 18-րդ դիվիզիայի (Հադրութի դիվիզիան, որի մեջ մտնում են 9-րդ, 1-ին և 2-րդ պաշտպանական շրջանները - Հ․Ղ․) հրետանու պետ, գնդապետ Ավետիսյանի ցուցմունքից.

«Դիտարկել եք այդ խումբը, դեպի մեզ են եկել, դեպի Էդիլլու բնակավայր, հրետանու համազարկերով կրակ ենք վարել իրենց վրա, շատ լավ էլ ստացվել է, և այդ կրակով հակառակորդը քաշվել է, անցել է բլուրի հետևը։ Երևում է, որ իրենք շարժվում էին դեպի ձորը՝ Ջուվառլու։ Մենք գիտենք, որ այնտեղ 8-րդ բրիգադի («ՑՕՐ») դիվիզիոնն է։ Այդ ժանակ էլ բոլորի ռադիոկապերը «պամեխեքի» մեջ էին, «սոտովի» հեռախոսներով, պատկերացրեք, երկու րոպե հեռախոսով խոսում եք, հեռախոսներ էլ էին «գլուշիտ» անում։ 18-րդ դիվիզիայի հրետանու շտաբի պետ Սողոմոնյանին հաջողում է զանգել հրետանու պետին ու միանգամից ասում է Հայրապետյան Նորիկին, որ հակառակորդը մոտավորապես մի 40 հոգով շարժվում է ձեր ուղղությամբ, անցեք շրջանաձև պաշտպանության»,- վկայի ցուցմունից մեջբերեց Ջալալ Հարությունյանը։

Դատաքննության ընթացքում դահլիճից Հարությունյանի եղբայր Արտեմ Հարությունյանը հայտարարեց, որ ՊԲ նախկին հրամանատարը վատառողջ է ու ջերմություն ունի։ Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հրահանգեց «շտապ օգնություն» կանչել՝ հայտարարելով ընդմիջում։ Այնուհետև ասաց, որ ըստ բժիշկների՝ մեղադրյալի առողջական վիճակը թույլ է տալիս շարունակել նիստը։

Հնարավո՞ր էր, արդյոք, «Դ-20» հրանոթով խոցել հակառակորդին

Այս հարցը քննարկվել էր առաջին ատյանի դատարանում ու նոր քննարկում սկսվեց նաև վերաքննիչ ատյանում։ Ջալալ Հարությունյանը ասաց, որ լինելով 18 տարվա հրետանավոր, բավականին լավ գիտի, թե հրետանին ինչի է ընդունակ: «450-500 մետրի վրա հայտնաբերված դիվերսիոն խմբերի՝ հրանոթով չեն խոցում, ականանետով և ավտոմատով են խոցում, բայց 100-200 մետրի վրա հրանոթով կարող ես խոցել»,- նշեց նա։

Հրամանատարը երկու դիվիզիոն թողել է թուրքերին, այսօր Երևանի դարպասների պաշտպանությունն է կազմակերպում․ Հարությունյան

Դատական նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև Դ-20 դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանին, որը պարզվեց ներկայում ծառայում է ՀՀ զիված ուժերում։

«Հայկ Թովմասյանը բավականին «հետաքրքիր» անձնավորություն է․ երկու դիվիզիոն թողել է թուրքերին՝ մեկը 2020-ին, մյուսը՝ 2023-ին, սակայն այսօր Երևանի դարպասների պաշտպանությունն իրեն է վստահված․ Աշտարակի գնդում դիվիզիոնի հրամանատարն է։ Այս է մտահոգում, որ դատախազության՝ մեղադրողի կողմից խրախուսվում է նման վերաբերմունքը»,- ասաց Ջալալ Հարությունյանը։

Այս հայտարարությունը դուր չեկավ դատավոր Պապոյանին․ «Եթե դատախազությունը ինչ-որ մեկին մեղադրանք չի առաջադրել, դա դեռևս չի նշանակում, որ խրախուսում է այդ անձին։ Կարող է՝ թերի են գնահատում»:

Հաջորդ նիստն այս գործով հունիսի 16-ին է:

Դ-20 դիվիզիոնի դեպքի առթիվ հարուցվել էր մեկ այլ քրեական գործ։ Դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Այս գործը ևս դատաքննության փուլում է:

Հայկ Ղազարյան

Լուսանկարներն ու տեսանյութերը` Արմեն Մկրյանի

Կարդացեք նաև՝

«Մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ». Ջալալ Հարությունյանի բացատրությունները դատարանում

Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին

Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը սա գնահատում է որպես ձգձգման փորձ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում