ԱՄՆ-ը չի մասնակցել Իսրայելի ռազմական գործողություններին Իրանում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները եղել են «միակողմանի գործողություն», և Վաշինգտոնը դրանում որևէ մասնակցություն չունի։
«Այսօր երեկոյան Իսրայելը ձեռնարկել է միակողմանի գործողություններ Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցել այդ հարվածներին, և մեր գլխավոր առաջնահերթությունն է՝ ամերիկյան ուժերի պաշտպանությունը տարածաշրջանում», - նշված է Ռուբիոյի հայտարարության մեջ։
Ըստ նրա՝ Իսրայելը նախապես տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ իր գործողություններն անհրաժեշտ են «ինքնապաշտպանության նպատակով»։
Ռուբիոն նաև կոչ է արել Թեհրանին զերծ մնալ ամերիկյան զորքերի դեմ ցանկացած հարձակումից, նախազգուշացնելով տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրումից։
Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին:
Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, երկրի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, կան նաև զոհեր, ոչ միայն պաշտոնյաների շրջանում։
Իսրայելի հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։
Թեմա
Civilnet










