«Ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հաղորդագրությունից։
Փաշինյանը մասնակցել է ֆորումի շրջանակում կազմակերպվող «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:
Քննարկման ժամանակ նա անդրադարձ է կատարել խախաղության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատելն է։ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են դրական արդյունքներով ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մարտի 13-ին Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարել էին, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցված են։
Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ հավելելով, որ այժմ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ:
«Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։
Civilnet











