Գլխավոր Լրահոս

Վարչապետի ավտոշարասյան վրաերթը. Արամ Նավասարդյանը մեղադրանքը չի ընդունում

Վարչապետի ավտոշարասյան վրաերթը. Արամ Նավասարդյանը մեղադրանքը չի ընդունում

Հունիսի 13-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրյալ Արամ Նավասարդյանը հայտարարեց, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ։ Նա պնդեց, որ իր կողմից սահմանված արագության խախտում թույլ չի տրվել։

Գործի նախապատմությունը

Արամ Նավասարդյանը (նստած) և փաստաբան Ռուբեն Բալոյանը, լուսանկարն իրականացվել է մայիսի 22-ի նիստին

2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Հատկանշական է, որ երիտասարդ կնոջ վրաերթից հետո ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին և փորձ չարեցին նրան տեղափոխել հիվանդանոց։

Նախաքննության տվյալներով՝ Արամ Նավասարդյանը, կատարելով հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, խախտել է երթևեկության կանոնները՝ վարելով մեքենան 108.7 կմ/ժ արագությամբ։ Սա գերազանցում է վարչապետի ավտոշարասյան համար թույլատրելի 100 կմ/ժ արագությունը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։

Գործով ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը, որի խափանման միջոցն ավելի ուշ փոխվեց։ Ներկայում նա ազատության մեջ է։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտել է դատարան։

«Ես տեղեկացված եմ եղել, որ խաչմերուկում անվտանգ է»

Հունիսի 13-ի դատական նիստին Արամ Նավասարդյանը նշեց, որ իր վրա չեն տարածվել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ՝ բացառությամբ կարգավորողի պահանջների մասով կարգավորումների։

«Նախքան խաչմերուկ մուտք գործելը, ես արդեն ռադիոկապով տեղեկացված եմ եղել, որ խաչմերուկում երթևեկության անվտանգությունն ապահովված է»,- ասաց մեղադրյալը։ Ի դեպ, այս գործով մյուս կողմը՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը բազմիցս հայտարարել է, որ «վարչապետի ավտոշարասյան մեքենաների ռադիոկապի ձայնագրություններն անհետացել են»։

Արամ Նավասարդյանը նաև նշեց, որ խաչմերուկին հասնելով՝ տեսել է կարգավորողի ազդանշանը և համոզվել, որ անվտանգ է։

«Հասնելով խաչմերուկ՝ տեսել եմ կարգավորողի հստակ ազդանշանը դեպի Պարոնյան փողոց մուտք գործելու թույլտվության մասին, որի պայմաններում էլ երթևեկությունը շարունակել եմ։ Ավելին, խաչմերուկ մուտք գործելիս տեսա, որ հետիոտնը կանգնել է։ Այսինքն՝ հաշվի առնելով կարգավորողի թույլատրված ազդանշանը և հետիոտնի ու իմ ավտոմեքենայի միջև առկա անվտանգ հեռավորությունը՝ շարունակել եմ երթևեկությունս՝ հասկանալով, որ իմ երթևեկության անվտանգությունն ապահովված է»,- շեշտեց նա։

Վերջում Նավասարդյանը պնդեց, որ փորձագետներն իրեն սխալ պարտականություններ են վերագրել, քանի որ իր երթևեկության ընթացքում յուրաքանչյուր խաչմերուկում ապահովվել է անվտանգ անցում՝ կարգավորողների կողմից։

Պաշտպանական կողմը դեմ էր ուղիղ հեռարձակմանը. «միգուցե օբյեկտիվ չլուսաբանվի»

Մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը՝ ձախից

Հունիսի 13-ի նիստը սկսվեց «Առավոտ» օրաթերթի միջնորդությամբ։ Օպերատորը դատարանին խնդրեց հնարավորություն տալ ուղիղ հեռարձակում իրականացնել նիստերի դահլիճից, սակայն ուշագրավ էր Արամ Նավասարդյանի փաստաբանների առարկությունը։ Կողմը պնդում էր, որ լուսաբանումները վատ են իրականացվում՝ ոչ իրենց սրտով, ուստի դեմ են։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը կասկածելի համարեց այս պատճառաբանությունը՝ ասելով, որ ուղիղ հեռարձակման դեպքում մեկնաբանություններ չկան, այլ նիստը հեռարձակվում է այնպես, ինչպես որ կա։ Պաշտպանական կողմը, սակայն, շարունակեց առարկել։ Նույնը՝ լուսանկարահանելու վերաբերյալ։

Դատարանը, հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքին, ասաց, որ եթե կողմը առարկում է, այլ բան իրեն չի մնում, քան արգելել տեսագրումն ու լուսանկարահանումը։ Լուսանկարահանում թույլատրվեց բացառապես տուժող կողմին։

Միջնորդությունը բավարարեք, դրանով երկիրը չի քանդվելու, խնդրում էր կողմը

Պաշտպանական կողմը նորից հայտարարեց, որ միջնորդություն ունի։

Ըստ Նավասարդյանի փաստաբանների՝ «Նախաքննությամբ հաստատվել է, որ Սոնա Մնացականյանի կողմից ճանապարհն անցնելը եղել է ոչ իրավաչափ, մինչդեռ տվյալներ ձեռք չեն բերվել այդ մասին»։

«Կարգավորողի գործողությունները եղել են ճանապարհային երթևեկության կանոններին համահունչ, Սոնա Մնացականյանը ճանապարհ է մուտք գործել կարգավորողի արգելող գործողությունների պայմաններում»,- հայտարարում էր պաշտպանական կողմը։

Ըստ փաստաբանների՝ իրավապահներն այս հանգամանքը չեն նկատել։ Այս նիստին ևս կողմը պնդեց, որ եզրակացության մեջ որոշ տվյալներ խեղաթյուրվել են ի վնաս Արամ Նավասարդյանի։ Միջնորդեցին, որ նոր փորձաքննություն իրականացվի։

«Սա այն գործը չէ, որ երկու հարց դնես ու ասես՝ վարորդը մեղավոր է, թե ոչ, տրամաբանություն է պետք, ուղեղ, իրավաբանություն, գնահատականներ է պետք տալ բոլորին»,- հայտարարեց փաստաբաններից Ռուբեն Բալոյանը՝ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին խնդրելով միջնորդությունը բավարարել։ «Եթե այս միջնորդությունը բավարարեք, դրանով այս երկիրը չի քանդվելու»,- ասաց նա։

Հանրային մեղադրողը նշեց, որ պաշտպանության կողմը կրկին նույն միջնորդությունն է ներկայացրել՝ փորձաքննություն նշանակելու մասին։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը

«Կողմը, յուրովի մեկնաբանելով լուսանկարները, փորձագետի ցուցմունքները, առանց որևէ հիմնավորման, կասկածի տակ է դնում այն հետևությունը, որ ավտոմեքենայի հետնամասը համընկնում է սլաքի սկզբնամասի հետ»,- ասաց հանրային մեղադրողը։

Հանրային մեղադրողը նշեց, որ երթևեկության ժամանակ վտանգի հայտնաբերումը, ըստ փորձագետի, հնարավոր էր առնվազն 200 մետրից։ Այսինքն՝ Նավասարդյանը վրաերթը կանխելու հնարավորություն ունեցել է։

Բացի այդ, մեղադրողը դժգոհություն հայտնեց, որ պաշտպանական կողմն արդեն չարաշահում է իր իրավունքները։

«Պետք է սանկցիա կիրառել ու պաշտպանական կողմին արգելել նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացնել։ Այս շրջապտույտից պետք է ազատվել, պաշտպանության կողմը մեկ տարուց ավելի է՝ դատական նիստերը ձգձգում է, այս մեկ տարվա ընթացքում մի ապացույց չի եղել, որ ներկայացնեն»,- ամփոփեց նա։

Դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց։ Նիստի վերսկսումից հետո նա հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը՝ ասելով, որ այդ ընթացքում ևս մեկ անգամ ուսումնասիրել է տեսագրությունն ու լուսանկարները։ Ֆարխոյանը նաև հայտնեց, որ փորձագետը եկել էր, և կողմերը հնարավորություն են ունեցել իրենց հարցերը տալու։

Նիստին պարզվեց, որ պաշտպանական կողմը ապրանքագիտական եզրակացություն նշանակելու միջնորդություն էր արել, քանի որ, ինչպես ասաց կողմը, «շատ ուռճացված էր Սոնա Մնացականյանի գերեզմանի գումարը»։

Փաստաբան Զարուհի Վարդանյանը

«Մենք անգամ նկարներն ունեինք։ Խոսքը նրա մասին է, որ այդ գերեզմանում այլ անձինք են հուղարկավորված, խնդիր կա, թե արդյոք միայն Սոնա Մնացականյանի ծախսերի մասին է խոսքը, թե ամբողջ գերդաստանի»,- հայտարարեց Նավասարդյանի փաստաբաններից Զարուհի Վարդանյանը՝ կասկած հայտնելով, որ այս միջնորդության մասով դատարանը ոչինչ չի կայացրել։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց միջնորդությունը։

«Ես մերժում եմ, եթե չեմ մերժել նախկինում, ուրեմն մերժում եմ հիմա։ Պատճառաբանությունը հետևյալն է՝ երբ տուժող կողմը կներկայացնի իր ամբողջական գործողությունները, նոր դատարանը կորոշի, տուժող կողմը դեռևս այն չի ներկայացրել»,- ամփոփեց դատավորը։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 29-ին։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում