Սոնա Մնացականյանի վրաերթից երեք տարի անց. որո՞նք են ձգվող դատավարության պատճառները

Ձգձգման պատճառը՝ բացառապես քաղաքական։ Նման գնահատական է տալիս փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը Սոնա Մնացականյանի գործով ներկայացնում է նրա ընտանիքի շահերը։ Դատական գործը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ դեպքին, այն շարունակվում է արդեն 2,5 տարի։
2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջ վրաերթից հետո, սակայն, ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին, և փորձ չարվեց նրան տեղափոխել հիվանդանոց։
Գործով ձերբակալվեց Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտավ դատարան։
Ըստ նախաքննության՝ Արամ Նավասարդյանը կատարել է հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից և խախտելով երթևեկության կանոնները. նա վարել է մեքենան շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով թույլատրելի 100 կմ/ժ սահմանը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացությամբ՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։
Գործի ձգձգման պատճառները
Այս դատաքննության ձգձգման իրավական պատճառ փաստաբան Ասլանյանը չի տեսնում․ «Իրավական պատճառներ գործի այսքան ձգձգման համար պարզապես գոյություն չունեն։ Մեղադրյալին պետական միջամտությամբ ազատության մեջ պահելու նպատակը հենց գործի մանևրելու հնարավորությունը ստեղծելն էր։ Երբ մեղադրյալը ազատության մեջ է, նիստերի ձգձգումը շատ հեշտ է»,- ասում է նա։
Փաստաբանը հավելում է, որ գործով հարցաքննվել է 23 վկա, որոնցից շատերը միջադեպը չեն տեսել, ինչն ավելորդ ծանրաբեռնեց դատաքննությունը։
Բացի այդ, այս դեպքով կա մեկ այլ քրեական վարույթ՝ ավտոշարասյան ղեկավար կազմի վերաբերյալ, որը դեռ նախաքննության փուլում է։ Այժմ տուժող կողմը վիճարկում է նոր քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։
«Երկու տարվա ընթացքում այս վարույթով ոչինչ չարվեց, ընդամենը մեկ գործից պատճենահանեցին տվյալներն ու տեղադրեցին մյուս գործի մեջ, արդյունքում շարասյան ղեկավար կազմի նկատմամբ նորից քրեական հետապնդում չկայացնելու որոշում կայացրեցին։ Մենք կրկին վիճարկել ենք այս որոշումը դատարանում ու հիմա այդ փուլում ենք»,- ասում է փաստաբանը։
Ասլանյանը նաև շեշտում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունն էլ ազդեց գործի երկարատևության վրա։
Ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ
Արդեն երեք տարի ապրիլի 26-ին դեպքի վայրը՝ Պարոնյան-Լեո խաչմերուկի այն հատվածը, որտեղ մահամերձ վիճակում ընկած էր Սոնա Մնացականյանը, մոմավառության վայր է դարձել։ Տարբեր քաղաքացիներ ինքնաբուխ կերպով այստեղ տեղադրում են ծաղիկներ, մոմեր ու փափուկ խաղալիքներ։
Այս տարի ևս տարբեր քաղաքացիներ հավաքվել էին տվյալ հատվածում՝ պահանջելով արդարադատություն։
Իրավապաշտպան Մարիամ Կանայանը կարծում է, որ պաշտպանական կողմը, այսինքն՝ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Արամ Նավասարդյանի փաստաբանները, փորձում են արհեստական ձգձգումներով գործը հասցնել վաղեմության ժամկետով կարճման․ «Վաղեմության ժամկետը այս գործով հինգ տարի է, այն կլրանա 2027-ի ապրիլի վերջին, մեղադրյալի պաշտպանությունն էլ, իմ կարծիքով, հնարավորինս ձգձգելն է, որ ոչ մեկ պատասխանատվություն չկրի կամ պայմանական պատիժ կկրի»։
Ռադիոկապի ձայնագրությունների անհետացումը
Վարչապետի ավտոշարասյան մեքենաների ռադիոկապի ձայնագրություններն այս ընթացքում, պարզվեց, որ չկան։ Կառավարության որոշման համաձայն՝ ռադիոկապը ձայնագրվում է, մինչդեռ ոստիկանությունը, ըստ Րաֆֆի Ասլանյանի, քննիչին գրավոր պատասխանել է, որ ռադիոկապի ձայնագրություն չի իրականացվել։
«Սա հիմնավոր կասկած է առաջացնում, որ այդ ձայնագրությունները ոչնչացված են հենց քաղաքական նպատակով, քանի որ դրանք էական տեղեկություններ էին պարունակում, թե արագության պատճառը որն էր, ուր էին գնում նրանք, երբ իմացան, որ վրաերթը եղավ, և ինչու չկանգնեցին»,- նշում է Ասլանյանը՝ հավելելով, որ այս ողջ պատկերը երևալու էր ռադիոկապի ձայնագրությունների միջոցով, ուստի հենց քաղաքական դրդապատճառներով դրանք չեն ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Դատական հաջորդ նիստը՝ մայիսի 22-ին
Մայիսի 22-ին նշանակված է գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստին՝ մարտի 3-ին, Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի ինֆարկտ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նա նիստի ընթացքում ասել էր, որ լավ չի զգում ու դուրս էր եկել։ Դրանից հետո շտապօգնություն էին կանչել դատարանի մոտ ու տղամարդուն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ հաստատվել էր սրտամկանի ինֆարկտի փաստը։ Տեղեկացանք, որ նրան սրտի ստենտավորում են իրականացրել։
ՍիվիլՆեթի ուսումնասիրությամբ՝ գործով դատական նիստերի պարբերականությունը շատ ցածր է։ Առաջին տարում՝ 2022-ին, անցկացվել է ընդամենը երեք նիստ, 2023-ին՝ 10, 2024-ին՝ 6, իսկ 2025-ի առաջին չորս ամսում՝ երկու նիստ։ Այսինքն՝ 2,5 տարում դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը համակարգի հնաբնակներից է (2001-ից դատավոր է աշխատում տարբեր դատարաններում), հանրային հնչեղություն ունեցող այս գործով նշանակել է ընդամենը 21 նիստ։
Վարչապետի ավտոշարասյան վարքագիծը
Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքից ընդամենը 16 օր առաջ՝ 2022-ի ապրիլի 10-ին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ուղեկցող պարեկային մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտում։ Նա պահանջել էր աշխատանքից հեռացնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։
Նման դեպքեր հիմա էլ կրկնվում են՝ անգամ Սոնա Մնացականյանի մահվանից հետո․ վարչապետի ավտոշարասյունը շարունակում է ագրեսիվ երթևեկել, որոշ դեպքերում՝ վտանգի ենթարկելով վարորդների կյանքը։
Լուսանկարը՝ ապրիլի 26-ի մոմավառության վայրից, աղբյուրը՝ Հետք
Թեմա
Գևորգ Թոսունյան










