ԱՄՆ արդարադատության նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել միջազգային Standard&Poor’s վարկանշային գործակալության դեմ՝ նրան մեղադրելով գնահատման սեփական չափորոշիչների խախտման մեջ, հաղորդում է Wall Street Journal-ը: Խախտումները, ըստ նախարարության, արտահայտվել են 2007թ. հիփոթեքային մի շարք արժեթղթերի և ածանցյալ գործիքների չափից ավելի բարձր վարկանշման մեջ: Ըստ հայցի՝ 2004թ. սեպտեմբերից մինչև 2007թ. հոկտեմբեր S&P-ն նպատակադրված մշակել և կիրառել է ներդրողներին խաբելու մեխանիզմ: Խոսքը մասնավորապես՝ շուրջ 30 գործարքի մասին է: Ըստ նախարարության, գործակալությունը զանգվածաբար բարձր վարկանիշներ է սահմանել բարձր ռիսկայնության վարկերի ու ածանցյալ մի շարք գործիքների համար, ինչը մասնավորեցմամբ զբաղվող բանկերին հնարավորություն է տվել դրանք հեշտորեն «բարդել» ներդրողների վրա:
Ավելին՝ նախարարությունում կարծում են, որ S&P-ի այս գործողությունները ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկը կարող են լինել: Սա ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից գործակալության նկատմամբ առաջին հայցն է, և, ամենայն հավանականությամբ, այս քայլին կդիմեն նաև ԱՄՆ մի շարք նահանգների իշխանություններ:
S&P-ի հայտարարության համաձայն՝ նախարարության հայցը զուրկ է փաստական և իրավական հիմքից, և իրեն իրականում մեղադրում են ճգնաժամը չկանխագուշակելու մեջ: Նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել գործակալության հայտարարությունը:
Թերթի տվյալների համաձայն՝ դաշնային իշխանությունների և S&P-ի միջև արտադատարանային համաձայնության ձեքբերման շուրջ բանակցությունները տևել են շուրջ չորս ամիս, սակայն գործակալության ղեկավարությունը ընդհատել է դրանք՝ մտավախություն ունենալով, որ պահանջվող շուրջ $1 մլրդ փոխհատուցումները կքայքայեն գործակալությունը:
2012թ. նոյեմբերին Ավստրալիայի դաշնային դատարանը S&P-ին մեղավոր է ճանաչել 2006թ. ածանցյալ ֆինանսական գործիքների չափից ավելի բարձր վարկանիշների սահմանման համար:
Civilnet











