Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամ գումարի չափով այսօր տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
«Հանձնաժողովը 2025-ի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարեց ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող և ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷՑ-ն ազգայնացնելու իր մտադրության մասին։ Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Կարապետյանը հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն՝ քննադատելով իշխանությունների գործողությունները։
Ստուգումներ են սկսվել նաև Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Պիցցա» ցանցում։
Տե՛ս նաև՝ Տնտեսագետները մտահոգիչ են համարում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի նախաձեռնությունը
Civilnet











