Տաշիրում ևս կասեցվել է «Տաշիր Պիցցա»-ի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր Պիցցա»-ի հերթական կետը, այս անգամ Տաշիր քաղաքում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Սա արդեն 6-րդ կետն է, որ ՍԱՏՄ-ն կասեցնում է։
***
Երեկվանից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Փաշինյանը հայտարարել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Civilnet









