Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ բոլոր լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար: Եվրամիությանը մտահոգել է «Աբզաս Մեդիայի»-ի լրագրողների և աշխատակիցների նկատմամբ կիրառված ծանր կալանավորման դատավճիռները, որոնք Եվրամիության գնահատմամբ անհանգստացնող զարգացում են։
«Անկախ լրագրությունը կարևոր դեր ունի թափանցիկության, հաշվետվողականության և հասարակության տեղեկատվական գրագետության պահպանման գործում»,- նշվում է Եվրամիության հունիսի 23-ի հայտարարությունում։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, պահպանել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար ապահով և նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ և OC Media-ի մշտական հեղինակ Բահրուզ Սամադովին։
Սամադովի գործով դատավարությունը տեղի է ունենում Ադրբեջանում այլախոհների նկատմամբ ճնշումների հերթական ալիքի ֆոնին։ Մայիսին նույն մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտվեց թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը։ Իսկ անցյալ շաբաթ «Աբզաս Մեդիայի» ղեկավար կազմը և լրագրողները դատապարտվեցին 7,5-ից մինչև 9 տարվա ազատազրկման։ Նույնը տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի հետ, որը ձերբակալվել էր 2024-ի հունիսին։
Civilnet











