Չինական մասնավոր ռազմական ընկերություններն ու քաղաքական միջամտությունը զարգացող երկրներում

Վերջին տարիներին մասնավոր ռազմական ընկերությունների գլոբալ աճը խաթարել է պետության և կորպորատիվ շահերի սահմանները։ Մինչ աշխարհը կենտրոնացած է արևմտյան կառույցների՝ ինչպես Blackwater-ի (1997-ին ստեղծված ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն) կամ Ռուսաստանի Wagner խմբի վրա, չինական մասնավոր ռազմական ընկերությունների լուռ, բայց արագ տարածումը Աֆրիկայում և Ասիայի որոշ հատվածներում գրեթե աննկատ է մնում։ Այս ընկերությունները ներկայացվում են որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվների պաշտպաններ կամ պարզապես անվտանգության տրամադրողներ, սակայն իրականում ներգրավված են զարգացող պետությունների ներքին քաղաքական և տնտեսական գործընթացներում։ Նրանց գործունեությունը քաղաքականապես չեզոք չէ, նրանք գործում են Պեկինի աշխարհաքաղաքական տեսլականի ստվերում։
Չինական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայությունը զարգացող երկրներում վտանգավոր և անտեսված միջամտություն է, որն ամրապնդում է ավտորիտար կառավարման մոդելները, ճնշում է ընդդիմախոսությանը և խորացնում է այդ պետությունների կախվածությունը Չինաստանից։
Պաշտպանությունից միջամտություն
Չինական մասնավոր ռազմական ընկերությունները՝ ինչպես Frontier Services Group-ը (FSG), DeWe Security-ն և Haiwei Security-ն, իրենց ներկայացնում են որպես պաշտպանական կամ լոգիստիկ ստորաբաժանումներ, որոնք ապահովում են ենթակառուցվածքային ծրագրերի անվտանգությունը անկայուն շրջաններում։ Սակայն իրականում նրանք հաճախ ներգրավվում են քաղաքական գործընթացների մեջ։ Օրինակ՝ Հարավային Սուդանում, որտեղ չինական պետական CNPC ընկերությունը խորը ներգրավված է նավթարդյունահանման ոլորտում, չինացի զինված պահակախմբերը պարզապես հսկողներ չեն եղել։ 2018-ին, երբ նորից բռնկվեցին բախումները, չինական մասնավոր ռազմական ընկերությունները տեղակայվեցին նավթային շրջաններում՝ կառավարության կողմնակից զինված խմբավորումների հետ համագործակցությամբ, որոնց փոխանցում են հետախուզական տեղեկատվություն։ Չնայած Չինաստանն այդ երկրում պաշտոնապես զորք չուներ, այս կերպ նա փաստացի միջամտեց քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով մեկ կողմին և պահպանելով իր տնտեսական շահերը։
Զիմբաբվեյում չինական ընկերությունները, որոնք գործում են Մարանգեի ադամանդի հանքավայրերում, անվտանգության համար վարձել էին պահնորդական խմբեր, որոնք համագործակցում էին տեղական ոստիկանության հետ՝ ճնշելու բողոքի հանրային ակցիաները։ Իրավապաշտպանները փաստագրել են աշխատավորների և տեղական համայնքների նկատմամբ իրականացված հսկողության, ահաբեկման և ճնշման դեպքեր։ Այդ գործողությունները վաղուց անցել էին ենթակառուցվածքային անվտանգության սահմաններից՝ դառնալով իշխանության բռնաճնշումների գործիք։
Նմանատիպ օրինակ կարելի է նշել նաև Քենիայում, որտեղ չինական վերահսկման տեխնոլոգիաներ տրամադրող ընկերությունները, որոնք փոխկապակցված են մասնավոր ռազմական ընկերությունների հետ, ոստիկանությանը տրամադրել են քաղաքային վերահսկման համար նախատեսված գործիքներ։ Այս տեխնոլոգիան, որոշ դեպքերում նաև օպերատիվ աջակցությունը, ծառայել է ընդդիմադիր շարժումների և հանրային բողոքների ճնշմանը՝ առաջացնելով մտահոգություն ինքնիշխանության, հսկողության և արտաքին միջամտության վերաբերյալ։
Այս բոլոր դեպքերում չինական մասնավոր ռազմական ընկերությունները հանդես են եկել ոչ թե որպես առևտրային չեզոք ընկերություններ, այլ որպես ներսից քաղաքական վերահսկողություն հաստատող ուժեր՝ աջակցելով իշխող էլիտաներին և սպասարկելով Պեկինի շահերը։
Ավտորիտար մոդելի ռազմավարական արտահանումը
Չինական մասնավոր ռազմական ընկերությունների հիմնական վտանգը նրանց ռազմավարական երկիմաստությունն է։ Թեև պաշտոնապես մասնավոր են, այս խմբերը սերտ կապեր ունեն պետական ընկերությունների և նույնիսկ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի հետ՝ անձնակազմի և վերապատրաստման մակարդակով։ Սա Չինաստանին հնարավորություն է տալիս ազդեցություն գործադրել առանց պատասխանատվության՝ պահպանելով «չմիջամտության» դիվանագիտական պատրանքը։
Միևնույն ժամանակ, մասնավոր ռազմական ընկերությունները խորացնում են կախվածությունը։ Զարգացող երկրները, որտեղ կան չինական ներդրումներ իրենց տնտեսական ու անվտանգության կարիքների համար, աստիճանաբար կորցնում են ինքնիշխանությունը։ Այս խմբերը հանդես են գալիս որպես չինական ներդրումների և անվտանգության նորմերի պահապաններ, ինչի արդյունքում տեղի կառավարությունները ավելի ավտորիտար մոտեցումներ են որդեգրում։ Նրանք ստանում են «պատրաստի» ենթակառուցվածք՝ հսկողություն, ոստիկանական ծառայություններ, հետախուզություն և հասարակական վերահսկողության միջոցներ՝ առանց պետական կառույցներին պարտադրվող վերահսկողության կամ հաշվետվողականության։
Այս կերպ Չինաստանը ոչ միայն ֆինանսական ռեսուրս է արտահանում, այլև կառավարման մոդել, որը կենտրոնացած է ռեժիմի կայունության վրա՝ ժողովրդավարական պատասխանատվության փոխարեն։ Այս նորմերը՝ «նախ՝ անվտանգություն, հետո՝ իրավունքներ», խեղդում են քաղաքացիական հասարակությունը և աստիճանաբար մոտեցնում զարգացող երկրները Պեկինի քաղաքական օրակարգին։
Մասնավոր ռազմական ընկերությունների մոդելն ապահովում է նաև պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։ Եթե սկանդալ է առաջանում, Չինաստանը կարող է պնդել, որ գործ ունենք մասնավոր ընկերության հետ, և իրեն պատասխանատվությունից զերծ պահել։ Սա գրագետ գործիք է «գորշ պատերազմում» և ոչ թե ռազմական կամ դիվանագիտական միջամտություն։ Սրանով քաղաքական գործընթացի վրա փաստացի ազդեցությունը տեղի է ունենում միջազգային հաշվետվողականությունից խուսափելով։
Չինական մասնավոր ռազմական ընկերությունների տարածումը Աֆրիկայում և Ասիայում պահանջում է վերանայել ժամանակակից միջամտության բնույթը։ Թեև արևմտյան մասնավոր ռազմական ընկերությունները հաճախ են քննադատության արժանացել աշխարհի տարբեր վայրերում միջամտության համար, չինական ընկերությունները դեռ գործում են ստվերում։ Նրանց գործունեությունը վտանգ է ոչ միայն մարդու իրավունքների, այլև գլոբալ քաղաքական հավասարակշռության համար։ Պեկինը պարզապես ներդրումները չի պաշտպանում, այլ ակտիվորեն ձևավորում է այլ պետությունների քաղաքական համակարգերը։
Զարգացող երկրների համար սա լուրջ մարտահրավեր է։ Չինական մասնավոր ռազմական ընկերությունները կարող են ապահովել կարճաժամկետ կայունություն և տնտեսական շահ, սակայն դրա գինը կլինի քաղաքական ինքնավարության և քաղաքացիական ազատությունների կորուստը։ Առանց ուժեղ օրենսդրության, թափանցիկության և միջազգային ճնշման, այս ընկերությունները կշարունակեն գործել իրավական ստվերում՝ խեղաթյուրելով խոցելի պետությունների ներքին գործընթացները՝ հանուն արտասահմանյան ռազմավարական շահերի։
Թեմա
Civilnet










