ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է տարածված լուրերին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։
Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։
Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
***
Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սեփական ծրագիրը։
Արձագանքելով այս հրապարակմանը հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով։
Ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկի մասին այսօր խոսել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ ԱԳ փոխնախարարը չի հերքել, որ ԱՄՆ կողմից առաջարկ եղել է։ Սաֆարյանը նշել է, որ այդպիսի մի քանի առաջարկ ստացել են տարբեր երկրներից, որոնք քննարկման առարկա են։
Civilnet











