«Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»։ Պատասխանելով Արմենպրեսի հարցմանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի հրապարակմանը, որը վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ ԱՄՆ նոր նախաձեռնություններին։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է եկել սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» տեսլականով, որն «արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից»։
Հայկական կողմը հիշեցրել է, որ ներկայացրել է մի շարք լուծումներ, որոնք «կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար», ընդգծելով՝ «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն»։
Նախարարության այս արձագանքը հետևել է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հրապարակմանը, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել է սեփական ծրագիրը։ Վարդանյանը գրում է՝ «Ընդհանուր առմամբ, այն կրկնում է ԵՄ առաջարկները, բայց հիմնված է ամերիկյան տրամաբանության վրա՝ երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի անմիջական մասնակցությամբ, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ, Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում», հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։
Հրապարակման մեջ նշվում է նաև ԵՄ նախկին նախաձեռնություններից մեկը՝ հիմնված Ռուսաստանի և Վրաստանի 2008-ի պատերազմից հետո ստեղծված նախադեպի վրա, երբ առաջարկվել էր «տրանսպորտային ուղիների կառավարումը հանձնել անկախ օտարերկրյա ընկերությանը», որը կգործեր թափանցիկ տվյալների փոխանակման սկզբունքով։
Վարդանյանի տվյալներով՝ Վաշինգտոնը պատրաստվում է ակտիվ քայլերի, և քննարկվում են երկու հնարավոր սցենարներ՝ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար։ «Առաջինը՝ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի սահմանադրությամբ սահմանված իր պահանջներից՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Դրան կարելի է հասնել, օրինակ, Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով։ Երկրորդ, ավելի իրատեսական տարբերակը՝ ճնշում գործադրել Երևանի վրա՝ համաձայնվելու ամերիկյան մոդելին՝ հրաժարվելով երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից», - ասված է հրապարակման մեջ։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ եթե իրականացվի այս վերջին սցենարը, «Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման, հետևաբար՝ բոլոր սահմանների բացման և երկարամյա մեկուսացման ավարտի հույսերից»։
Թեև ըստ հրապարակման՝ քննարկումները դեռ վաղ փուլում են, Վարդանյանը մեջբերում է ամերիկացի պաշտոնյային, ով վստահություն է հայտնել գործընթացի հաջողության նկատմամբ։ «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», - ասել է նա՝ բավականին լուրջ տոնով։
Հայաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով բոլոր այս քննարկումներին, ընդգծել է իր տեսլականի կարևորությունը և շարունակվող քննարկումները շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:
Civilnet











