«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով:
««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնում են ՔԿ-ից:
***
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են իշխանությունների հետ: Հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանն իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Սամվել կարապետյանը կալանավորվեց երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
News.am-ին տված հարցազրույցում Սամվել Կարապետյանը մասնավորապես ասել էր․ «Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին», - ասել էր Կարապետյանը:
Կարապետյանի կալանավորումից հետո խուզարկություններ սկսվեցին նրան պատկանող «Տաշիր պիցցա»-ի ցանցերում, «Տաշիր գրուպ»-ում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում։ Այդ ընկերությունների աշխատակիցներ կալանավորվեցին։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











