Նախագահն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը քննարկել են ՀԷՑ-ի կառավարման հարցը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էլեկտրական ցանցերի արդյունավետ և հուսալի կառավարման հարցը։ Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում»,- հայտնում են նախագահականից։
Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։
Մեսրոպ Մեսրոպյանը նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստանձնել Հայաստանի էլեկտրացանցերի (ՀԷՑ) կառավարումը, սակայն պետականացումը պարտադիր տարբերակ չի դիտարկվում։
Վարչապետը նշել է, որ կառավարությունն ունի խնդիր՝ գտնել ամենաարդյունավետ կառավարչին, որի նկատմամբ հնարավոր կլինի ձևավորել ինչպես հանրային, այնպես էլ պետական վերահսկողություն։
Թեմա
Civilnet










