Գլխավոր Լրահոս

Զորակոչի ճգնաժամ. չինացիների նոր սերունդը դժկամ է զինծառայության հարցում

Զորակոչի ճգնաժամ. չինացիների նոր սերունդը դժկամ է զինծառայության հարցում

Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին անցկացվող ռազմական շքերթին՝ ուժի ցուցադրության միջոցառմանը, որը նախատեսված է աշխարհին և հատկապես Թայվանին իր զորությունը ապացուցելու համար, բայց այդ փայլուն ցուցադրության ետևում խորը խնդիրներ են երևակվում։ Պարտադիր զինծառայությանը չինացի երիտասարդների աճող անհնազանդությունը փորձություն է ոչ միայն զինված ուժերի, այլև Կոմունիստական կուսակցության գաղափարական վերահսկողության տեսանկյունից։

Շքերթի անցկացման մասին Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակի (Չինաստանի կոմկուսի քարոզչության և տեղեկատվության վարչություն) կողմից հունիսի 28-ին արված հայտարարությունն ուղեկցվում էր պաթոսով։ Սակայն ընդամենը մի քանի օր անց այդ լղոզված պատկերը խաթարվեց դիմադրության համարձակ գործողությամբ։ Հուլիսի սկզբին պետական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Գույլին քաղաքից մի երիտասարդ խստորեն պատժվել է՝ մարտին զորակոչվելուց հետո պարտադիր ծառայությունից հրաժարվելու համար։

2004-ին ծնված և ուսումնառությունն ավարտող մի ուսանող, ըստ հաղորդումների, դժվարությամբ է հարմարվել բանակային խիստ կարգուկանոնին և մի քանի անգամ փորձել է դուրս գալ ծառայությունից։ Սակայն իշխանությունները պատասխանել են խիստ պատժամիջոցներով՝ նրան հեռացրել են ուսումից, սահմանափակել աշխատելու, բանկային համակարգից օգտվելու և արտասահման մեկնելու հնարավորությունները։ Բացի այդ, նա պարտավոր է վճարել ավելի քան 37,000 յուան (մոտ $5,000) տուգանք։

Այս դեպքը եզակի չէ։ Օրենքից դուրս անցած նախկին պաշտոնյաները պնդում են, որ միայն Ներքին Մոնղոլիայում 200-ից ավելի նմանատիպ դեպքեր են գրանցվել։ Շանդուն, Հուբեյ, Ֆուջյան նահանգներում նույնպես տարածված է դիմադրությունը պարտադիր զինծառայությանը։ Փորձագետները դա կապում են ավելի խորքային հիասթափության հետ՝ բախում բանակային խստապահանջությունների և հարմարավետության ու թվային անկախության մեջ մեծացած սերնդի միջև, որն այժմ կասկածում է պետության լեգիտիմությանը և պատրաստ չէ զոհաբերել իր ազատությունը խարխլված հայրենասիրական հռետորաբանության համար։

Երիտասարդներին ետ է պահում ոչ միայն խիստ կարգուկանոնը։ Ներքին տեղեկությունների արտահոսք կազմակերպողները (whistleblower) վկայում են Չինաստանի բանակում տարածված կոռուպցիայի մասին՝ կեղծ հաշվետվություններ, պաշտոնների վաճառք, անպատժելիություն։ Ժամանակին հայրենասիրությամբ տարվող երիտասարդների համար սա սթափեցնող իրողություն է․ պարզվում է՝ նրանք մուտք են գործում ոչ թե պատվավոր կառույց, այլ մի համակարգ, որը խարխափում ագահության և խնամի-բարեկամական կապերի հետևանքով։

Վետերանների հետծառայողական ճակատագիրը ավելի է խորացնում հիասթափությունը։ Շատերը վերադառնում են քաղաքացիական կյանք՝ թերզբաղված, հիասթափված և մոռացված։ Նրանց օրինական պահանջները՝ սոցիալական երաշխիքների տեսքով, մեծ մասամբ անտեսվում կամ նույնիսկ ճնշվում են։ Սրանից բխում է մեկ եզրահանգում․ բանակում ժամանակին երաշխավորվող կայուն աշխատավարձն ու սոցիալական երաշխքիները դարձել են խորացող խնդիր։

Պեկինի համար ամենանհանգստացնողը, սակայն, միայն անհնազանդ գործողությունները չեն, այլ այն գաղափարական փոփոխությունը, որ խորհրդանշում է այդ ամենը։ Չինացի երիտասարդների աճող խավը այլևս զինծառայությունը չի դիտում որպես հայրենասիրական պարտք։ Նրանք այն ընկալում են որպես մասնակցություն մի համակարգի, որին այլևս չեն վստահում։

Սա մի սերունդ է, որը հրաժարվում է դառնալ թնդանոթի միս մի կուսակցության օրակարգի համար, որի օգտին երբեք չի քվեարկել։ «Կտրվող սոխուկների»՝ անընդհատ շահագործվողի մետաֆորները արտացոլում են պետական իշխանության նկատմամբ աճող ցինիզմը։ Զորակոչից հրաժարումը էլ ավելի հաճախ է դառնում ոչ թե վախի, այլ բողոքի դրսևորման ձև:

Այս դիմադրությունը նոր չէ։ Դեռ 2017-ին ռազմական պաշտոնական թերթը զգուշացնում էր ծառայությունից խուսափելու փորձերի մասին՝ ականջ ծակել, ինքնավնասում, հացադուլներ։ Թեև օրենքներն ավելի են խստացվել, նման երևույթները չեն դադարում, հատկապես ափամերձ բարեկեցիկ քաղաքներում, որտեղ արտասահմանում հաջող կարիերա ունենալու հույսը գերակայում է «ազգային զոհաբերության» գաղափարին։

Հանդիպելով աճող անհնազանդությանը՝ Պեկինը դիմում է կանխարգելիչ գաղափարական մշակման։ South China Morning Post-ի տվյալներով՝ ընդլայնվում են ռազմական դաստիարակության ծրագրերը՝ ուղղված ուսանողներին ու նույնիսկ մանկապարտեզի սաներին։ ԱԹՍ-ների վարման դասընթացներ, մարտական սիմուլյացիաներ, դաշտային ճամբարներ,- այս ամենն արդեն սովորական գործիքներ են՝ հավատարմություն ձևավորելու համար։ 

Խորհրդարանի իրավական հանձնաժողովի մի պաշտոնյա նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «ազգային պաշտպանության կրթության խորացմանը»՝ իր էությամբ՝ պարտադրող հայրենասիրության արմատավորմանը։

Հոդվածի վերջում whistleblower-ը մռայլ նախազգուշացում է անում․ Թայվանի շուրջ հնարավոր պատերազմի դեպքում, նրա կարծիքով, ոչ կամովին զորակոչվածները կռվելու են ոչ թե հայրենիքին նվիրվածությամբ, այլ գոյատևման բնազդով։ «Անտարբեր զինվորը չի նետվում կրակի մեջ, նա փնտրում է ամենամոտ ելքը»,- ասում է նա։

Նրա կոչը Չինաստանի ծնողներին հետևյալն է. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր երեխաները զոհվեն բռնապետի համար»։ Նրա տեսլականով ապագան կարող է վերածվել իրական սարսափի՝ երիտասարդների հավաքական ձերբակալություն փողոցներում, դաժան պատիժներ, նույնիսկ՝ մահապատիժներ։ Նրա խորհուրդն առավել քան գործնական է՝ ապահովեք անձնագրեր, պլանավորեք հեռանալը։ Միգուցե ապագայում ծառայությունից հրաժարվելը դառնա քաջության բարձրագույն արտահայտություն։

Մինչ սեպտեմբերի 3-ին տանկերը կանցնեն հրապարակով, և դրոշները կընդգծեն «ուժը», իրականում՝ այդ բեմադրության ետևում կանգնած է մի կառավարություն, որը պայքարում է իր իսկ հեղինակության ճգնաժամի դեմ։ Սի Ծինփինը կարող է հրաման տալ շքերթին, սակայն նա կարող է այլևս չկարողանալ հրաման տալ մի սերնդի, որն ազատության մեջ ավելի շատ արժեք է տեսնում, քան դրոշների։

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է European Times կայքում 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում