Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում է գրառում «Սաս» սուպերմարկետի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունն անվճար նվերներ է տալիս նկարում ճիշտ թիվը ընտրողներին։
«Մենք անվճար գնումների կտրոններ և ավելի շատ հնարավորություններ ենք տալիս առաջին 300 մարդկանց, ովքեր ճիշտ կպատասխանեն նկարում պատկերված թվերին»,- նշված է գրառման մեջ։
Սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի սուպերմակետի անունը վստահություն ներշնչելու նպատակով։
Ինչպե՞ս է խաբեությունը տարածվում սոցցանցերում
Գրառումը տարածվում է «SAS.Supermarkets.» անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2025-ի հունիսի 12-ին։
Մեկնաբանություն գրելուց հետո ուղարկում են sas-supermarket.myfreesites.net անվանումով կայքի հղումը, որտեղ պետք է գրանցվել «մրցանակը» ստանալու համար։ Այս կայքը ստեղծվել է անվճար կայքեր ստեղծելու հնարավորություն տվող sitebuilder.com հարթակի միջոցով։

Այս կայքն իր հերթին տանում է մեկ ուրիշ՝ luxcgo.com անվանումով էջ, որը պահանջում է որոշ ֆայլեր ներբեռնել։ Այն, սակայն, վիրուսային ծրագրեր պարունակող կայք է, և ֆայլերը ներբեռնելու հետևանքով օգտատերերը կարող են վնասել համակարգիչը կամ ներբեռնել տեղեկություններ գողացող ծրագրեր (infostealer):

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ ֆեյսբուքյան նույն էջը դարձյալ կեղծ խաղարությունների վերաբերյալ գրառումներ էր տարածել, ինչին #CivilNetCheck-ն անդրադարձել էր։ Դրանից հետո գրառումները հեռացվեցին էջից, և էջը սկսել է կեղծ խաղարկության վերաբերյալ նոր գրառում տարածել։
Որոնք են կեղծ գրառումների իրական նպատակները
«Սաս» սուպերմարկետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը Sas Supermarkets-ն է, կայքը՝ sas.am-ը։ Մինչդեռ, Ֆեյսբուքում տասնյակ կեղծ էջեր կան սուպերմարկետի էջին նմանակող։

Պարբերաբար հայտնվում են նաև գրառումներ, թե իբր «Սաս» սուպերմարկետը իր տարեդարձի առիթով նվերներ է բաժանում։

Այս գրառումները նույնպես կեղծ են։ Դրանց իրական նպատակը՝ վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ անձնական կամ բանկային տվյալները ստանալն է կամ համակարգիչը վարակելը։
Civilnet
CivilNetCheck











