Միջազգային ֆինանսական խմբի վերահսկողության խստացումը սպառնում է Պակիստանի տնտեսությանը

Ստայկու Դիմիտրա
Պակիստանը նորից հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում և արդեն չորրորդ անգամ կանգնած է Ֆինանսական միջոցների մաքրման դեմ պայքարի խմբի (FATF, Financial Action Task Force) սև ցուցակում հայտնվելու սպառնալիքի առաջ։ Սա տնտեսական հետևանքների մի ամբողջ շարքի սկիզբ, որոնք կարող են կործանել Պակիստանի առանց այն էլ երերուն տնտեսությունը։
Պակիստանի ֆինանսական վիճակի լրջությունը ի հայտ եկավ 2025-ի հունիսի 10-13-ը FATF-ի՝ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում։ Երկիրը սպասում էր սովորական վերանայման, սակայն վերահսկողության ժամկետը երկարաձգվեց ևս երկու տարով։ Գլոբալ վերահսկող մարմնի այս որոշումը հստակ ուղերձ է, որ Պակիստանը դեռ բավարար կերպով չի արձագանքել ահաբեկչության ֆինանսավորման ու փողերի լվացման վերաբերյալ միջազգային մտահոգություններին։
Չնայած Իսլամաբադի հայտարարություններին ֆինանսական թափանցիկության բարելավման մասին՝ FATF-ը բացահայտ նշել է, որ Պակիստանը հաջողություն չի գրանցել այդ խնդիրների լուծման հարցում։ «Մոլանա Մասուդ Ազհարը», «Ջաիշ-է Մոհամմադը» և «Լաշքար-է-Թայիբան» ահաբեկչական խմբերը շարունակում են գործել կառավարության աջակցությամբ։ FATF-ի քննադատությունն առավել ծանր է հենց ժամանակային առումով։ Պակիստանի տնտեսությունն արդեն իսկ փխրուն վիճակում է՝ արտարժույթի պաշարները վտանգավոր չափով ցածր են, արտաքին պարտքը գերազանցել է $130 միլիարդը, իսկ պարտքային սպասարկումը մեծ բեռ է նույնիսկ առողջ տնտեսությունների համար։ FATF-ի վերջին հայտարարությամբ աշխարհի համար հնչում է մեկ ուղերձ՝ Պակիստանը անվստահելի գործընկեր է ֆինանսական հանցավորության դեմ պայքարում։
Երկիրը 2008-ից ի վեր երեք անգամ հայտնվել է գորշ ցուցակում՝ այդ ընթացքում կորցնելով շուրջ 38 մլրդ դոլարի տնտեսական հնարավորություններ։ Նախկինում՝ ֆինանսապես ավելի կայուն ժամանակներում, այս կորուստները շոկային չէին։ Սակայն այսօր Պակիստանը հայտնվել է ֆինանսական կործանման շեմին, և ցանկացած նոր սահմանափակում կարող է աղետալի լինել։ Երկիրը կորցրել է վարկունակությունը։
Պակիստանի բանկային գործարքներն այժմ պահանջում են խստացված ստուգումներ՝ դանդաղեցնելով, թանկացնելով և երբեմն անհնարին դարձնելով դրանք։ Արտասահմանյան ներդրողները հեռանում են, վարկային վարկանիշները նվազում են, իսկ արտահանման շուկաները դառնում են ավելի դժվարամատչելի։ Արդեն իսկ ֆինանսապես ծանրաբեռնված երկրի համար այս սահմանափակումները կարող են ճակատագրական լինել։
Պակիստանի պարտքի և համախառն արդյունքի հարաբերակցությունը հասել է 107%-ի՝ անհանգստացնող ցուցանիշ անգամ զարգացած տնտեսությունների համար։ Ամենամյա պարտքային սպասարկումը գերազանցում է $8 մլրդ-ն՝ միջոցներ, որոնք կարող էին ուղղվել կենսական ծառայությունների։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օժանդակության փաթեթները, որպես կանոն, պարունակում են խիստ պայմաններ, ներառյալ FATF-ին համապատասխանելու պահանջը։ Եթե Պակիստանը վերադառնա գորշ ցուցակ, ԱՄՀ ապագա աջակցությունը լուրջ կասկածի տակ կհայտնվի։
FATF-ի՝ 2025-ի ապրիլի 22-ին Քաշմիրի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած հարձակմանն ուղղված դատապարտումը շրջադարձային էր։ Կազմակերպությունը հազվադեպ է ահաբեկչական կոնկրետ գործողությունները կապում ֆինանսավորման խնդիրների հետ։ Սակայն այս դեպքում FATF-ը հայտարարել է, որ նման գործողությունները հնարավոր չէ իրականացնել առանց ֆինանսավորման և ահաբեկչության աջակիցների միջև միջոցների տեղափոխման։ Սա ուղղակի մարտահրավեր է Պակիստանի նարատիվին, թե իբր իրենք ահաբեկչության զոհ են, այլ ոչ թե հովանավոր։
Ավելին, FATF-ն այժմ ուշադրություն է դարձնում ոչ միայն օրենքներին համապատասխանությանը, այլև իրական արդյունավետությանը։ Եթե նախկինում իսլամական որոշ երկրներ սահմանափակվում էին օրենքներ ընդունելով ու ձևական կառույցներ ստեղծելով, ապա այժմ պահանջվում են փաստեր, որ հակաահաբեկչական միջոցառումները գործում են իրականում։
Կրկնակի նշանակության ապրանքների, ինչպիսիք են քիմիական նյութերը, կոդավորման ծրագրերը և դրոնները, առաքումն այժմ խստորեն կարգավորվում է՝ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու համար։ Սակայն պակիստանյան ռազմականացված կազմակերպությունները շարունակում են փորձել խախտել այս սահմանները։ 2020-ին, երբ Հնդկաստանի մաքսային ծառայությունը կանխեց չինական ծագմամբ ապրանքների ներմուծումը, որը նախատեսված էր Պակիստանի ազգային զարգացման համալիրի համար, բացահայտվեց հրթիռային տեխնոլոգիա ձեռք բերելու համակարգված փորձ։ FATF-ի վերջին զեկույցում այս միջադեպը ներկայացվում է որպես ապացույց ահաբեկչական գործունեության ֆինանսավորման ու սպառազինության ապօրինի տարածման կապի միջև։
Պակիստանի՝ 2022-ի հոկտեմբերին գորշ ցուցակից դուրս գալը, ինչպես երևում է, վաղաժամ էր։ Չնայած տեխնիկական պահանջները կատարվել էին, երկիրը չի ցուցադրել իրական հանձնառություն՝ ահաբեկչական ցանցերը կազմաքանդելու հարցում։ Գլխավոր դերակատարները դեռ ազատության մեջ են, ֆինանսական ուղիները՝ բաց։
Պակիստանում գործող ահաբեկչական խմբերը սպառնում են ոչ միայն երկրի, այլև ողջ Հարավային Ասիայի կայունությանը։ Երբ միջազգային ֆինանսական հաստատությունները սահմանափակում են գործարքները Պակիստանի հետ, նրանք պարզապես չեն պատժում պետությանը՝ նրանք խեղդում են ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրները։
Տնտեսական մեկուսացումը բերում է վտանգավոր կախվածությունների։ Արևմտյան ֆինանսական կառույցների զգուշավորության պայմաններում Պակիստանն ավելի ու ավելի է կախված Չինաստանի ներդրումներից, մասնավորապես՝ «Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցք» ծրագրից։ Սակայն չինական ներդրումները, լինելով կարճաժամկետ լուծում, հաճախ գալիս են պայմաններով, որոնք սպառնում են Պակիստանի ինքնիշխանությանը և մեծացնում ապագա սերունդների պարտքային բեռը։
Տնտեսական մեկուսացման մարդասիրական հետևանքներն էլ պետք է հաշվի առնել։ Օտարաբնակ պակիստանցիները բախվում են սահմանափակումների արտարժույթ ուղարկելու հարցում։ Բիզնեսները դժվարությամբ են կարողանում միջազգային առևտուր իրականացնել։ Ուսանողները բարդությունների են հանդիպում ուսման վարձերը վճարելիս։ Ամբողջ սփյուռքն է տուժում, երբ հայրենիքը վերածվում է տնտեսական մեկուսացած պետության։
Պակիստանը կանգնած է դժվար որոշումների առջև։ FATF-ի պահանջներին իրական համապատասխանությունը պահանջում է բարձր մակարդակի ահաբեկիչների ձերբակալություն, ֆինանսական ալիքների դադարեցում և ռազմականացված խմբերի՝ որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործումից հրաժարում։ Այսպիսի քայլերը կխորհրդանշեն Պակիստանի ռազմավարական ուղղության հիմնարար փոփոխությունը։
Ստայկու Դիմիտրան հրապարակումներով է հանդես գալիս Հունաստանի խոշորագույն թերթում՝ PROTO THEMA-ում։
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Eurasiareview.com կայքում՝
Թեմա
Civilnet










