«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար շահավետ կլինի։ Այդ կապուղին նաև աշխարհատնտեսության տեսանկյունից շատ կարևոր ենք համարում». հուլիսի 21-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ պատասխանելով կապուղու հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերի մասին թուրք լրագրողի հարցին։
Թուրքիայի նախագահը տեղական լրատվամիջոցների հարցերին պատասխանել է ինքնաթիռում՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից Թուրքիա վերադառնալիս։
«Առաջին հերթին ակնկալում ենք, որ այդ կապուղին լինի ոչ թե անհամաձայնության աղբյուր, այլ՝ համաձայնության խորհրդանիշ, որի պայմաններում տարածաշրջանում կգերակշռի համագործակցությունը», - նշել է Էրդողանը։
Էրդողանի համոզմամբ՝ տարածաշրջանի պետությունները [այդ թվում՝ Թուրքիան] այդ հարցը կարող են համաձայնությամբ լուծել. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրին մեծ նշանակություն է տալիս։ Այդ կապուղին հնարավորինս արագ պատրաստելով՝ ցանկանում է այն օգտագործել ինչպես հանուն Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ այն [խնդիրը] կլուծենք միասին»։
Էրդողանն առաջին անգամ չէ խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Մայիսի վերջին նա հույս էր հայտնել, որ Հարավային Կովկասում կլինի խաղաղություն և անդորր։ Խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին՝ Թուրքիայի նախագահը կիրառել էր «Զանգեզուրի անցում» ձևակերպումը։ «Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց»,- նշել էր Թուրքիայի առաջնորդը։
Civilnet











