Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Ֆրանսիայում բացահայտել են Զելենսկիի սուտը․ Le Monde», «Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ «նողկալի» ծրագիր է մշակել.The Telegraph». նման վերտառությամբ հոդվածներ վերջին օրերին հրապարակել է auroranews.am լրատվականը։
Մեկ այլ հոդվածում լրատվամիջոցը նշել է, թե անգլիական Financial Times-ը գրել է. «Ուկրաինայի զինված ուժերի առաջնագծում ունեցած անհաջողությունները վատթարացնում են Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ կապված իրավիճակը»։
Մինչդեռ, պարզվում է, որ ոչ Le Monde-ը, Financial Times-ը և ոչ էլ The Telegraph-ը նման ձևակերպումներով հոդվածներ չեն հրապարակել։
Լրատվամիջոցը թեև հղում է արել միջազգային լրատվամիջոցներին, սակայն իրականում թարգամանություններն իրականացրել է ռուսական լրատվամիջոցներից, որոնք խեղաթյուրել են բնօրինակ հոդվածների բովանդակությունը և տարածել ռուսական շահերի ներքո։
Զելենսկին իջեցնում է զոհերի թիվը
«Ֆրանսիայում բացահայտել են Զելենսկիի սուտը կապված պատերազմի հետ» վերնագրով հոդվածում auroranews.am-ը գրում է․ «Վլադիմիր Զելենսկին միտումնավոր իջեցնում է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների թիվը»:
Le Monde-ում հրապարակվել է նմանատիպ հոդված, բայց բոլորովին այլ վերնագրով։ «Ուկրաինայում նախատեսվում է նոր զինվորական գերեզմանոցների կառուցում» վերնագրված հոդվածում ֆրանսիական պարբերականը գրել է կառուցվող նոր գերեզմանատների մասին, որոնք, ըստ լրատվամիջոցի, ավելին են պատմում կորուստների վերաբերյալ, քան վիճակագրությունը կարող է ցույց տալ։ Այնուհետև հիշեցրել, որ զոհերի թիվն Ուկրաինայում շարունակում է գաղտնիք համարվել։
«Ռուսական ներխուժման սկզբից ի վեր մարտերում զոհված զինվորների թիվը մնում է խստորեն պահպանվող գաղտնիք: Փետրվարին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշեց, որ 2022 թվականի փետրվարից ի վեր զոհվել է 46,000-ից ավելի [...]: Իրական մահացության թիվը հավանաբար շատ ավելի բարձր է»,- գրել է Le Monde-ը:

Այս հատվածը կոնտեքստից կտրված տարածել է Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ պնդելով, թե Le Monde-ն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահն իջեցնում է զոհերի թիվը։
Auroranews.am-ը, ենթադրաբար, այստեղից է արտատպել հոդվածը, քանի բնօրինակ հոդվածում նման պնդում չկա։ Սակայն նյութում հղում է արել ոչ թե «ՌԻԱ Նովոստի»-ն, այլ Le Monde-ին։
Առհասարակ ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հնարավոր չէ զոհերի հստակ թիվն իմանալ։ Հատկանշան է նաև, որ ռուսական կողմը 2022-ի սեպտեմբերից ի երբևէ չի հայտնել իր կրած կորուստների ընդհանուր թվի մասին։

Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Զելենսկիի հետ կապված իրավիճակը միայն վատթարացել է
Հաջորդ հոդվածը auroranews.am-ը տարածել է.«Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Զելենսկիի հետ կապված իրավիճակը միայն վատթարացել է» վերտառությամբ՝ հղում անելով Financial Times-ին։ Ըստ auroranews.am-ի Financial Times-ը գրել է, թե Ուկրաինայի զինված ուժերի առաջնագծում ունեցած անհաջողությունները վատթարացնում են Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ կապված իրավիճակը, ով լուրջ ճնշման է ենթարկվում «մարտադաշտում և ներքին ճակատում։
Անգլիական լրատվամիջոցը, սակայն, Ուկրաինայի զինված ուժերի՝ առաջնագծում ունեցած անհաջողությունների վերաբերյալ որևէ պնդում չի արել։ Financial Times-ի հոդվածը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ քաղաքական շրջադարձի մասին է։ Այնուհետև, կայքը ընդամենը հպանցիկ գրում է․ «Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Զելենսկին բախվում է ուժեղ ճնշման՝ մարտադաշտում և ներքին ճակատում»:

Financial Times-ի հոդվածը այլ վերնագրով է՝ «Թրամփի ուշացած շրջադարձը Ուկրաինայի հարցում»։ Այս դեպքում ևս հոդվածն ու վերնագիրը արտատպված են ռուսական լրատվամիջոցներից՝ ընդ որում վերնագիրը սխալ է թարգմանված։ Ռուսական լրատվամիջոցները գրել են․ «Բրիտանիայում հայտարարել են իրավիճակը Զելենսկու համար միայն վատթարացել է»։ Ենթադրաբար, նկատի ունենալով, որ «պնդման» հեղինակը անգլիական պարբերականն է, սակայն հոդվածն ամբողջությամբ Թրամփի քաղաքականության մասին է։

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ «նողկալի» ծրագիր է մշակել
Հայաստանյան լրատվամիջոցը մեկ այլ հրապարակմամբ էլ նշել է, թե անգլիական The Telegraph-ը՝ «Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ «նողկալի» ծրագիր է մշակել» վերտառությամբ նյութ է հրապարակել։
Բնօրինակ հոդվածում ներկայացված են հատվածներ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի ակնկալվող հայտարարություններից, որոնք, The Telegraph-ի համաձայն, նա անելու է
Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի սպասվող հանդիպման ժամանակ։
The Telegraph-ը գրում է, որ Հիլին այդ հանդիպման ընթացքում պատրաստվում է աջակցություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի առջև դրված 50-օրյա վերջնագրին, որը վերաբերում է խաղաղության համաձայնագրի ընդունմանը։
auroranews.am-ը հոդվածի վերնագրից տպավորություն է ստեղծվում, թե The Telegraph-ն է «Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ «նողկալի» ծրագիր է մշակել» պնդումն արել, ինչի չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածն իր հերթին չի հաղորդում բնօրինակի ամբողջական իմաստը, քանի որ ընդամենը որոշ հատվածներ են օգտագործված։ The Telegraph-ում հոդվածը հրապարակվել է հետևյալ վերնագրով․ «Հիլի. «50-օրյա ժամկետ է անհրաժեշտ Պուտինին բանակցել ստիպելու համար»» է։ auroranews.am-ի տարածած վերնագրով հոդվածներ նախորդների օրինակ հանդիպում են միայն ռուսական լրատվամիջոցներում։

Սա առաջին դեպքը չէ, երբ հայաստանյան լրատվամիջոցները արևմտյան մամուլի հոդվածները ներկայացնում են ոչ թե բնօրինակներից, այլ ռուսական աղբյուրներից, որոնք հաճախ խեղաթյուրում են բովանդակությունը և ներկայացնում ռուսական շահերի ներքո։
Civilnet
CivilNetCheck











