Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու իրական հնարավորություններ կան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի իր պաշտոնակից Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսին։
Բայրամովը նշել է, որ Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում լայնորեն քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։
«Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հակամարտությունից հետո տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսական են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, Հայաստանը դեռ չի կատարել իր պարտավորությունները»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին՝ «կայուն խաղաղությանը խոչընդոտելու մեջ»՝ կրկնելով Բաքվի երկու պահանջները՝ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության լիակատար դադարեցման անհրաժեշտություն։
Հուլիսի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար, տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնություն և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ:
Հուլիսի 19-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ դա վերագրելով իր վարչակազմի դիվանագիտական ջանքերին։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտի մասին հայտարարել են մարտի 13-ին՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։
***
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած 5 ժամանոց երկկողմ, առանց միջնորդի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։
Երևանն ու Բաքուն հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր հարցերն արդյունավետորեն հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։
Civilnet











