Ուկրաինան և Ռուսաստանն այսօր «շատ բարդ» բանակցություններ կանցկացնեն Թուրքիայում

Ռուսաստանի պատվիրակությունը ուղևորվում է Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ խաղաղության բանակցությունների հերթական փուլից առաջ, հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սպասվում են «շատ բարդ» բանակցություններ։
Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների համար, նախքան ռուսական կողմի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունները, հայտնել է Reuters-ին ուկրաինացի դիվանագիտական աղբյուրը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Կիևը պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղության և լիակատար հրադադարի ուղղությամբ։
Պեսկովի խոսքով՝ բանակցությունները, որոնք վերջին ամիսների ընթացքում անցկացվող երրորդ հանդիպումն են, նախատեսված են այսօր՝ հուլիսի 23-ի երեկոյան՝ Թուրքիայում։ Հանդիպման առաջարկը եղել է Ուկրաինայի կողմից՝ անցյալ շաբաթ, Միացյալ Նահանգների կողմից հրադադարի հասնելու շուրջ շարունակական ճնշման ֆոնին։ Սա կլինի կողմերի առաջին հանդիպումը ավելի քան յոթ շաբաթվա ընթացքում, սակայն առաջընթացի ակնկալիքները չափավոր են։
«Ոչ ոք հեշտ ճանապարհ չի ակնկալում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նախորդ բանակցությունների արդյունքում կողմերը ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել, սակայն հրադադարի չեն հասել։ Ռուսական կողմը հրաժարվել է զիջել իր կոշտ պահանջները, որոնք անընդունելի են Ուկրաինայի համար՝ այդ թվում Կիևից պահանջվել է ճանաչել Ռուսաստանի կազմում գտնվող չորս ուկրաինական շրջաններ և հրաժարվել Արևմուտքի ռազմական աջակցությունից։
Թեմա
Civilnet










