Քոչարյանի դիփֆեյք տեսանյութ է տարածվում․ օգտատերերը չեն հասկանում, որ կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին օրերին հայկական սոցցանցերում լայն տարածում է ստացել արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութ, որում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իբր հայտարարում է․ «Սրանք 200 մլն դոլար են ուզում բռնագանձեն, գիտեն հե՞շտ էր կոպեկ առ կոպեկ թալանելը»։
Չնայած տեսանյութի ակնհայտ կեղծ բնույթին՝ բազմաթիվ օգտատերեր, դատելով մեկնաբանություններից, չեն հասկացել, որ բախվել են դիփֆեյքի։ Ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող նախկին նախագահը երբեք նման հայտարարություն չի արել։
Ինչպե՞ս է ստեղծվել կեղծ տեսանյութը
Դիփֆեյք տեսանյութի հիմքում ընկած է Ռոբերտ Քոչարյանի՝ 2018 թվականի սեպտեմբերին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցից վերցված լուսանկար։ Այդ հարցազրույցում Քոչարյանը խոսում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների և Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի, ոչ թե իրենից բռնագանձվող գումարի մասին։

Տեսանյութը ստեղծվել է Google-ի կողմից մշակված նորագույն Veo 3 արհեստական բանականության գործիքով, որը թույլ է տալիս ընդամենը մեկ լուսանկարի և տեքստային հրահանգի միջոցով ստեղծել մինչև 8 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Այս դեպքում զեղծարարներն օգտագործել են Քոչարյանի լուսանկարը և նրան վերագրել խոսքեր։
Տեսանյութում հնչող ձայնը չի պատկանում Ռոբերտ Քոչարյանին։ Այն ակնհայտորեն սինթեզված է և ունի արհեստական երանգավորում։ Բացի այդ, դիմաշարժումներն անբնական են, իսկ կադրում երևացող ձեռքերը՝ աղավաղված։ Այս բոլոր նշանները բնորոշ են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերին։
Դիփֆեյքերի հայտնաբերման գործիքները ձախողվեցին
Ուշագրավ է, որ դիփֆեյքերի հայտնաբերման հանրահայտ գործիքները չեն կարողացել բացահայտել այս տեսանյութը։ Ըստ DeepWare, Resemble.ai, Hive և այլ հարթակների՝ տեսանյութը չի պարունակում արհեստական բանականության հետքեր։ Դրա պատճառն այն է, որ տեսանյութը ենթարկվել է լրացուցիչ խմբագրման, իսկ որակը՝ վատթարացվել։

Թեև Google-ի Veo 3 մոդելի գեներացրած տեսանյութերը կրում են անտեսանելի թվային ջրանշաններ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել դրանց արհեստական բնույթը, տեսանյութերի խմբագրումը, կրճատումը, ցածր որակի պահպանումն ու կրկնօրինակումը կարող են վերացնել թվային նշանները։
Տեսանյութը տարածվում է ֆեյսբուքյան էջերի միջոցով, որոնք նախկինում ևս աչքի են ընկել սենսացիոն կամ կեղծ տեղեկատվության տարածմամբ։ Այս էջերի հիմնական նպատակն է մեծ լսարան հավաքել՝ հետագայում էջերը վաճառելու կամ դրանց միջոցով գովազդից եկամուտ ստանալու համար։
Տես՝ Կեղծ լուրերի բիզնես․ ինչպես են հազարավոր հետևորդներ ունեցող էջերը մոլորեցնում օգտատերերին
2025-ի մայիսին Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 22 անշարժ գույք, արժեթղթեր, բանկային ավանդներ, ընկերություններում մասնակցության բաժնեմասեր և ընդհանուր առմամբ ավելի քան 20 մլրդ դրամի այլ գույքային միջոցներ։
Civilnet
CivilNetCheck










