Ես իրավասու չեմ գնահատել ՀԷՑ-ի գործով արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված որոշման ապահովման կիրառելիությունը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա արբիտրաժներում ընդունված որոշումները ճանաչվում են, և կիրառելիության հարցը որոշվում է ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով։
«Այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել ինձ վերաբերելի գործողությունների առումով այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել և կիրառման մեխանիզմները դեռ հստակեցված չեն»,- ասաց Մեսրոպյանը։
Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հուլիսի 22-ին հրատապ վճռով որոշում է կայացրել հօգուտ Սամվել Կարապետյանի, որը հայց էր ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։
Լրագրողի հարցին, թե ինչու ՀԾԿՀ նախագահին լիազորություն տրվեց՝ ժամանակավոր կառավարիչ նշանակել, այլ ոչ՝ հանձնաժողովին, Մեսրոպյանն արձագանքեց․
«Կոլեգիալության սկզբունքը այստեղ իմ կարծիքով խախտված չէ, որովհետև նոր օրենքի փոփոխությամբ ինձ տրված այդ բացառիկ լիազորությունը չի խախտում կոլեգիալության սկզբունքը։ Այդ օրենքների փոփոխությամբ ես իրավունք եմ ստացել միանձնյա որոշում կայացնելու վարույթ հարուցելու և կառավարիչ նշանակելու վերաբերյալ, բայց վարույթի արդյունքները պետք է որոշվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բոլոր՝ տվյալ պահին գործող, անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ»,- ասաց Մեսրոպյանը։
Հուլիսի 18-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։
Մեսրոպյանն անդրադարձավ նաև ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը մերժելուն։ Նրա խոսքով, 2025-ի ներդրումային ծրագրի փոփոխությունները, որոնք ՀԷՑ-ը ներկայացրել էր, առաջարկում էին ավելի մեծ ծավալով ներդրումներ՝ տեխնիկական իրավիճակի բարելավման նպատակով, սակայն դրանք, ըստ Մեսրոպյանի, կբերեն որակի ցուցանիշների վատթարացման։
«Նրանց առաջարկը պլանային անջատումների ավելացման մասին էր, որը մենք, որպես հանձնաժողով, չենք կարող ընդունել, որովհետև դա ազդում է որակի ցուցանիշների վրա՝ անջատումների քանակ և տևողություն»,- ասաց Մեսրոպյանը։
Հուլիսի 8-ին ՀԾԿՀ-ն մերժել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2018-2034-ի ներդրումային ծրագրի 2025-ի փոփոխությունները։ Ընկերությունը ծրագրով նախատեսում էր ներդրումների ավելացում՝ 47,6 մլրդ դրամից մինչև 53,98 մլրդ դրամ, սակայն հանձնաժողովը պարզել էր, որ փոփոխությունները կհանգեցնեն պլանային անջատումների աճի, էլեկտրաէներգիայի որակի վատթարացման և ֆինանսական խնդիրների։
Civilnet











