Վերջին 25-տարում առաջին անգամ հանդիպել են Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները

2000-ից ի վեր առաջին անգամ հանդիպել են Իսրայելի և Սիրիայի պաշտոնյաները։ Հանդիպումը կայացել է Փարիզում՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնել է Բարաքը, գրում է timesofisrael-ը։ Սա առաջին հրապարակային հաստատումն է նման ձևաչափով՝ Երուսաղեմի և Դամասկոսի նոր կառավարության ներկայացուցիչների միջև։
«Այս երեկո Փարիզում հանդիպում ունեցա սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների հետ։ Մեր նպատակն էր երկխոսությունն ու լարվածության նվազեցումը, և մենք դա իրագործեցինք։ Բոլոր կողմերը վերահաստատեցին այս գործընթացը շարունակելու հանձնառությունը»,- գրել է Բարաքը հինգշաբթի ուշ երեկոյան «X»-ում։
Սիրիայի կամ Իսրայելի կողմից անմիջական հաստատում չի տրվել։
Վերջին ամիսներին կողմերը վարել են անուղղակի բանակցություններ լարվածության մեղմացման նպատակով։ Զեկույցներ են շրջանառվել նաև առերես հանդիպումների վերաբերյալ, սակայն դրանք երբևէ պաշտոնապես չեն հաստատվել։
Բարաքը չի նշել, թե ովքեր են մասնակցել հինգշաբթի օրվա հանդիպմանը, սակայն Axios լրատվական կայքը հայտնել է, որ իսրայելական կողմը ներկայացրել է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ սիրիական կողմը՝ արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանին։
Վերջին անգամ Իսրայելի և Սիրիայի նման բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են 2000-ին, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը Արևմտյան Վիրջինիայում խաղաղության բանակցությունների համար հյուրընկալել էր այն ժամանակվա վարչապետ Էհուդ Բարաքին և այն ժամանակվա Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆարուկ ալ-Շարաային։
Թեմա
Civilnet










