Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Իր ելույթում Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին ջրային ռեսուրսների վրա՝ ընդգծելով Հայաստանի լեռնային էկոհամակարգերի խոցելիությունը։
Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումները՝ այդ թվում ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը, կաթիլային ոռոգման համակարգերի զարգացումը, ջրային կորուստների նվազեցման ծրագրերը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։
Մաթևոսյանը հատուկ անդրադարձ է կատարել կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրին (2022–2026), որը միտված է կրճատելու կլիմայական ռիսկերը և խթանելու հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրականացումը։
Նախարարն ընդգծել է Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանման և լճի էկոհամակարգերի վերականգնման առաջնահերթությունը։ Նա նաև կոչ է արել խորացնել միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը՝ նշելով 2026-ին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կարևորությունը և հրավիրելով գործընկերներին ակտիվ մասնակցության։
Civilnet











