Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի գործը կտեղափոխվի հայկական դատարան․ Տարոն Սիմոնյանը բացատրում է՝ ինչ է սպասվում 

ՀԷՑ-ի գործը կտեղափոխվի հայկական դատարան․ Տարոն Սիմոնյանը բացատրում է՝ ինչ է սպասվում 

Գևորգ Թոսունյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արտակարգ որոշումը միանշանակ պարտադիր է Հայաստանի համար, և դրա չկատարումը հղի է ֆինանսական ու վարկանիշային լուրջ հետևանքներով։ Նման համոզման է Հայաստանի արբիտրների ասոցիացիայի խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա պնդում է, որ եթե Հայաստանը պարտվի այս գործում, ինչը շատ հավանական է, վնասների փոխհատուցումը վճարելու է հարկատուն, իսկ երկրի ներդրումային վարկանիշը անկում կապրի։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ արբիտրի որոշումը միանշանակ պարտադիր է կատարման համար։ «Հայցի ապահովման միջոցը կամ արտակարգ որոշումը պարտադիր է կատարման համար՝ հաշվի առնելով Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված պայմանագիրը և Նյու Յորքի կոնվենցիան, որի անդամ է Հայաստանը»,- ասաց նա։

Նրա խոսքով, սակայն, Ստոկհոլմի արբիտրաժն ազգային արբիտրաժ է, իսկ դրա որոշումը Հայաստանում կիրառելու համար պետք է անցնի ճանաչման գործընթաց առաջին ատյանի դատարանում։ Սիմոնյանը հավելեց, որ եթե ընտրված լիներ, օրինակ, Վաշինգտոնի ներդրումային վեճերի լուծման կենտրոնը (ICSID), ապա ներպետական ճանաչման կարիք չէր լինի, և որոշումն ուղղակիորեն պարտադիր կլիներ։

Հայաստանի իշխանությունը, մասնավորապես արդարադատության նախարարը, որպես որոշումը չկատարելու հնարավոր հիմք նշել է հանրային կարգին դրա հակասությունը։ Տարոն Սիմոնյանը սա թույլ փաստարկ է համարում։ Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս չճանաչել որոշումը, եթե այն դեմ է հանրային կարգին, սակայն սա միջազգային պրակտիկայում չափազանց բարձր նշաձող է։

«Որպեսզի դատարանը կարողանա մեկնաբանի, թե այդ ինչ հանրային կարգ է, որ պետությունը ուզում է պաշտպանի, չգիտեմ ինչ ստեղծագործական մոտեցում պետք է ցույց տա, որովհետև միջազգային պրակտիկայում հանրային կարգի պաշտպանությունը խիստ, չափազանց բարձր պայմաններ ենթադրող իրավիճակ պետք է լինի, օրինակ՝ հանրային բարոյականության, հանրային անվտանգության դեմ իրավիճակ»,- ասաց իրավաբանը։

Նա կարծում է, որ իշխանության բերած պատճառաբանությունները (հոսանքի հնարավոր անջատումներ, չարաշահումների բացահայտում) կարելի էր լուծել ներպետական այլ գործիքներով, օրինակ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով կամ աուդիտով։ Ուստի, Սիմոնյանի համոզմամբ, գործընթացն ակնհայտ քաղաքական է։

«Եթե դու գործընթացում իրավական խնդիր ես հայտնաբերում, սկսիր վարչական վարույթ։ Եթե դա չես անում, փոխարենը, քաղաքական ելույթներ ու հայտարարություններ ես անում, սա արդեն մաքուր քաղաքական գործընթաց և խտրական գործընթաց է»,- ընդգծեց նա։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ որոշումը չկատարելը կամ գործում պարտվելը կունենա երկու հետևանք՝ ֆինանսական և հեղինակության։ Նրա կարծիքով՝ այս գործով Հայաստանի պարտվելու հավանականությունը շատ մեծ է, և այս դեպքում վնասի փոխհատուցումը կատարվելու է պետական բյուջեից։

«Ոչ կառավարության ղեկավարն է իր գրպանից դա վճարելու, ոչ իշխող ուժը կամ դրա պատգամավորներից որևէ մեկը, այլ Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Վճարելու են հարկատուները մի բանի համար, որ կառավարության ղեկավարը կամ քաղաքական ուժն իր իշխանությունը պահպանելու համար սկսել է քաղաքական գործընթաց»,- ամփոփեց նա։

Ֆինանսական կորուստներից բացի, ըստ մասնագետի, սա հարված կլինի երկրի ներդրումային վարկանիշին։ 

«Եթե մենք գործուն քայլերով ցույց ենք տալիս և՛ ներդրողներին, և՛ աշխարհին, որ ձեր եկած ներդրումները չեն պաշտպանվում Հայաստանում, ավելին՝ անգամ միջազգային արբիտրաժային տրիբունալներից որոշումներ բերեք, մեզ համար ընդամենը թղթի կտոր կլինի, սա ուղղակիորեն միջազգային ներդրումային միջավայրում Հայաստանի վարկանիշը մեծ քայլերով անկման է հանգեցնելու»,- շեշտեց իրավաբանը։

Առաջիկա քայլը, ըստ Սիմոնյանի, պետք է լինի ընկերության դիմումը ՀՀ առաջին ատյանի դատարան՝ արբիտրաժի որոշումը ճանաչելու և կատարման ուղարկելու պահանջով։

Եթե դատարանը ճանաչի որոշումը, ապա կառավարության բոլոր գործողությունները, ներառյալ կառավարիչների փոփոխությունը, պետք է չեղարկել։ 

Անկախ այս գործընթացից՝ Ստոկհոլմում շարունակվելու է բուն արբիտրաժային գործի քննությունը։ Սիմոնյանի խոսքով՝ հայցը ստանալուց 30 օրվա ընթացքում պետք է ձևավորվի արբիտրաժային տրիբունալը, իսկ 90 օրվա ընթացքում սկսվի գործի քննությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում