Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր հարվածային ԱԹՍ-ը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր նոր հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։ Հարվածային ԱԹՍ-ից բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռի փորձարկումը կատարվել է երկրի հարավարևելյան Անդհրա Փրադեշ նահանգի զորավարժարանում, հաղորդում է հնդկական NDTV.com կայքը։
Փորձարկումը կատարել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO)։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն X-ի իր էջում շնորհավորել է DRDO-ին՝ այս փորձարկումները անվանելով «Հնդկաստանի հրթիռային կարողությունների էական առաջընթաց»։
«DRDO India-ն հաջողությամբ իրականացրել է ԱԹՍ-ից արձակվող բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռի` ULPGM-V3-ի թռիչքային փորձարկումները՝ Կուռնուլում գտնվող NOAR (National Open Air Range) ազգային բաց տարածքի փորձադաշտում` Անդհրա Փրադեշ նահանգում։ Շնորհավորում եմ DRDO-ին և արտադրող գործընկերներին՝ մշակման և արտադրության գործընկերներին (DcPP), ՓՄՁ-ներին և ստարտափներին՝ ULPGM-V3 համակարգի մշակման և հաջողված փորձարկումների համար։ Այս հաջողությունը վկայում է, որ հնդկական արդյունաբերությունը պատրաստ է յուրացնելու և արտադրելու պաշտպանական կարևոր տեխնոլոգիաներ»,- գրել է նախարարը։
Հրթիռի ավելի վաղ՝ ULPGM-V2 տարբերակը մշակվել էր DRDO-ի Վերջնական բալիստիկայի հետազոտական լաբորատորիայի (Terminal Ballistics Research Laboratory - TBRL) կողմից և մարտագլխիկների բազմակի տարբերակներ ուներ։ ԱԹՍ-ներից արձակվող երկարահեռ զինամթերքի զարգացումը, որը ներկայացվել է Aero India 2025 ցուցահանդեսում, ներառում է առաջադեմ տեխնոլոգիաներ՝ պատկերային ինֆրակարմիր (IIR) որոնիչներ և երկքարշ շարժիչային համակարգեր, որոնք, ամենայն հավանականությամբ, առկա են V3 տարբերակում։
ULPGM համակարգերը նախագծված են թեթև, բարձր ճշգրտությամբ և տարբեր օդային պլատֆորմների հետ համատեղելի լինելու համար և ապահովում են ռազմավարական ճկունություն մարտական գործողությունների պայմաններում։
Կուռնուլում գտնվող NOAR փորձադաշտի ընտրությունը, ըստ NDTV.com-ի, համահունչ է DRDO-ի ռազմավարությանը՝ օգտագործել այդ հաստատությունը նորագույն տեխնոլոգիաների փորձարկման համար։ Վերջին շրջանում այդ փորձադաշտում տեղի են ունեցել բարձր էներգիայի լազերային ուղղորդվող էներգետիկ զենքերի (DEW) փորձարկումներ, այդ թվում՝ ֆիքսված թևերով ԱԹՍ-ների և դրոնների երամների ոչնչացման համակարգեր, ինչը վկայում է Հնդկաստանի բարձր տեխնոլոգիաներով հագեցած փորձարկման ենթակառուցվածքների ընդլայնման մասին։
Թեմա
Civilnet










