Հայ հայտնիների «մահը» սոցցանցերում․ ինչպես է աշխատում ապատեղեկատվության բիզնեսը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են հայտնի դերասանների, երգիչների և հասարակական գործիչների մահվան կամ նրանց հետ կապված ողբերգական դեպքերի մասին կեղծ լուրեր։
Այս գրառումները, որպես կանոն, տարածվում են սենսացիոն վերնագրերով՝ օգտագործելով հայտնիների լուսանկարները՝ օգտատերերին գրավելու և կասկածելի կայքեր ուղղորդելու նպատակով։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե ինչպես և ինչու են շրջանառվում այդ կեղծ լուրեր։
Սենսացիոն վերնագրերով համակարգված արշավի սխեման
Սոցցանցերում կեղծ լուրեր տարածող «սունկ» էջերին բնորոշ են մի քանի առանձնահատկություններ։ Նախ՝ դրանք աչքի են ընկնում սենսացիոն վերնագրերով, ինչպես օրինակ՝ «Ցավալի լուր», «Շտապ», «Ծանր կորուստ» և այլն։ Այս գրառումները սովորաբար ուղեկցվում են զգացմունքային էմոջիներով և հանրությանը հայտնի անձանց լուսանկարներով։
Մանրամասները կարդալու համար օգտատերերին ուղղորդում են մեկնաբանությունների բաժին, որտեղ տեղադրված է լինում հղում դեպի կասկածելի կայք կամ փակ տելեգրամյան ալիք։
Օրինակ, պարբերաբար տարածվում է կեղծ տեղեկություն հայտնի դերասան Արթուր Հակոբյանի մահվան մասին։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կեղծ լուրը շրջանառվում է առնվազն 2021-ից։

Սակայն գրառումներին կցված հղումով անցնելիս օգտատերը հայտնվում է media41news.com կայքում, որտեղ դերասանի հետ կապված որևէ ողբերգական լուր չկա։ Փոխարենը՝ հրապարակված է դերասանի՝ 2019-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցից վերցված մի հատված։
Նույն սխեմայով թիրախավորվել է նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Տարածվող «Ռաֆայել Երանոսյանը ողբերգական լուր է հայտնել» վերնագրով հրապարակումներում որևէ նոր կամ ողբերգական տեղեկություն չկա։ Տեքստը պարզապես մեջբերում է Starnews.am կայքի՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության հրապարակումից, որտեղ դերասանը խոսել էր երկրում տիրող ընդհանուր հոգեբանական վիճակի մասին։

Կեղծիքների թիրախում են հայտնվել նաև երգչուհի Նունե Եսայանը, մոդել Լյուսի Հայրապետյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, հաղորդավարներ Արմեն Վարդանյանը և Արմեն Մետրոսյանը և այլք։
Բոլոր դեպքերում օգտագործվել է նույն ձեռագիրը՝ սենսացիոն վերնագիր, ուշադրություն գրավող էմոջիներ և հղում դեպի կասկածելի կայք կամ տելեգրամյան ալիք, որտեղ իրականում ոչ մի արտառոց տեղեկություն չկա։

Ո՞վ և ինչի՞ համար է տարածում կեղծ լուրերը
Այս գրառումները տարածող էջերը հիմնականում օգտատերերին ուղղորդում են դեպի media41news.com, arminfonews.ru, haylives.ru և նմանատիպ այլ «սունկ» կայքեր։ Այդ կայքերը լեցուն են գովազդներով, և կեղծ լուրերի տարածման հիմնական նպատակը մեծ թվով դիտումներ ապահովելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։
Այս կայքերում իրական լուրերի փոխարեն տեղադրված են հորինված կամ հին հարցազրույցներից վերցված տեքստեր, կամ էլ արհեստական բանականությամբ ստեղծված անիմաստ բովանդակություն։ Որպես կանոն՝ կայքերը գրանցված են ռուսական ցածրակարգ հոսթինգներում, իսկ սեփականատերերի տվյալները թաքցված են։

Որոշ դեպքերում հղումները տանում են փակ տելեգրամյան ալիքներ։ Օգտատերերից պահանջվում է միանալու հայտ ուղարկել, սակայն այդ հայտերը երբեք չեն հաստատվում։ Այս կերպ արհեստականորեն մեծացվում է ալիքի հետևորդների թիվը՝ հավանաբար այն հետագայում վաճառելու համար։
Կայքերում հրապարակված տեքստերի ոճը, լեզվական առանձնահատկությունները և բովանդակության անհստակությունը վկայում են, որ դրանք ստեղծված են արհեստական բանականության (AI) միջոցով։ Կեղծ լուրեր տարածող էջերից շատերի հեղինակը՝ մեդիաձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ նման էջերի հրապարակումների գործընթացը ավտոմատացված է։ Էջերը ստեղծվում են, արագորեն մեծ լսարան հավաքում, գովազդային եկամուտ ապահովում և ապա վաճառվում։
Տես՝ Զգուշացե՛ք քլիքբեյթ թակարդից․ ինչպես են «սունկ» կայքերը թիրախավորում հայերին սոցցանցերում
Այսպիսով, սոցիալական ցանցերում հայտնի մարդկանց մահվան կամ դժբախտ պատահարների մասին շրջանառվող տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան դիտումներ գրավող կեղծիքներ, որոնք շահույթ են բերում դրանց հեղինակների համար։
CivilNetCheck
Civilnet










