Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում պարբերաբար տարածվում է եղանակային կտրուկ և վտանգավոր երևույթների՝ «հզոր ցիկլոնների», «սարսափելի փոթորիկների» և «100 տարին մեկ պատահող» անոմալիաների մասին ապատեղեկատվություն։
Այս գրառումները, որպես կանոն, ունենում են սենսացիոն վերնագրեր և նպատակ ունեն խուճապ առաջացնելով գրավել օգտատերերի ուշադրությունը և գովազդից եկամուտ ստանալ։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս կեղծիքների տարածման սխեման։
Գագիկ Սուրենյանը՝ կրկին կեղծ լուրերի թիրախում
Եղանակի մասին կեղծ լուրերը տարածվում են վաղուց մշակված, միևնույն սխեմայով։ Դրանք աչքի են ընկնում «Ժողովուրդ ջան, պատրաստվեք», «վաղը 20:00 լուսամուտները փակեք», «սկսվում է նոր և ավելի ուժեղ» և այլ խուճապային վերնագրերով։
Էկրանապատկերում՝ եղանակի մասին կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջերը
Գրավչությունն ու վստահությունը մեծացնելու համար գրառումներում գրեթե միշտ օգտագործվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի լուսանկարները։ Հաճախ կեղծ էջերը նույնիսկ հորինում են ուղիղ մեջբերումներ՝ դրանք վերագրելով Սուրենյանին։
Ինչպես մյուս կեղծիքների դեպքում, այստեղ էլ մանրամասների համար օգտատերերին ուղղորդում են մեկնաբանություններ։ Այնտեղ տեղադրված հղումները տանում են դեպի գովազդներով լի «սունկ» կայքեր, ինչպիսիք են hraparaknews.am-ը, lureronline.ru-ն, arm.arminfonews.ru-ն և այլն։
Էկրանապատկերում՝ կեղծ լրատվական lureronline.ru կայքից
Խուճապային վերնագիր, եղանակակի ստանդարտ կանխատեսում
Ուշագրավ է, որ սենսացիոն և խուճապային վերնագրերը որպես կանոն չեն համապատասխանում տարածվող տեղեկության բովանդակությանը։ Կեղծ էջերը վերցնում են պաշտոնական եղանակի շաբաթական տեսությունները և դրանք ներկայացնում խուճապային ձևակերպումներով։
Օրինակ՝ «Նման բան 100 տարին մեկ է լինում. Սուրենյանը հայտնում է, որ…» վերնագրով գրառմանը կից հոդվածում իրականում ներկայացված է Հիդրոմետ ծառայության 2025-ի հուլիսի 10-15-ի սովորական կանխատեսումը՝ նշված օրերին սպասվող կարճատև անձրևի և քամու մասին։ Որևէ «100 տարվա անոմալիայի» մասին խոսք չկա։
Էկրանապատկերում՝ կեղծ լրատվական media41news.com կայքից
Մեկ այլ օրինակում «Հենց նոր Սուրենյանը սարսափելի լուր հայտնեց» կամ «Եղանակը սարսափելի անակնկալ է պատրաստել» վերնագրերով հրապարակումները պարունակում են պաշտոնական տեղեկատվություն բարձր ջերմային ֆոնի մասին։ Հոդվածներում նշվում է, որ «Արարատյան դաշտում ... և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը... +38...+40 աստիճան», որը ևս վերջերս հրապարակված եղանակի պաշտոնական տեսությունն է։
Այսինքն, «սունկ» կայքերը վերցնում են Հիդրոմետ ծառայության պաշտոնական նախազգուշացումը, որը հանրային իրազեկման բնականոն գործընթաց է, և այն վերածում են «սարսափելի» ու «շոկային» լուրի՝ բացառապես դիտումներ գրավելու համար։
Իրականում, ո՛չ Գագիկ Սուրենյանի պաշտոնական էջում, ո՛չ էլ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կայքում նման սենսացիոն ձևակերպումներով կանխատեսումներ երբեք չեն հրապարակվում։
Այսպիսով, սոցիալական ցանցերում եղանակային աննախադեպ երևույթների մասին տարածվող տեղեկությունները կեղծ են։ Դա դիտումներ գրավելու և գովազդից եկամուտ ստանալու նպատակով տարածվող ապատեղեկատվություն է, որը շահարկում է հանրության հետաքրքրությունը եղանակի տեսության նկատմամբ։
CivilNetCheck
Civilnet











