Կրեմլում հաջողված են համարում Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը և երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացումները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հաջողված է համարել Ուիթքոֆի այցը Մոսկվա։ Նա այդ մասին գրել է իր X-ի միկրոբլոգում։ Նա նշել է, որ հանդիպումը դրական ազդեցություն է ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։ Դմիտրիևի խոսքով՝ երկու երկրների միջև երկխոսությունը կշարունակվի։
Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը կայացել է Կրեմլում օգոստոսի 6-ին և շարունակվել է շուրջ երեք ժամ։
***
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ օգոստոսի 9-ին, եթե մինչ այդ չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է խուսափել ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից պատժամիջոցներից, Թրամփը պատասխանել է, որ դրա համար «պետք է կնքվի մի գործարք, որը կկանխի մարդկանց մահը»։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ։ Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է կրճատել այս ժամկետը մինչև 10 օր։ Օգոստոսի 5-ին Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները հետագայում կորոշի՝ կիրառել վերոնշյալ ներմուծման մաքսատուրքերը, թե ոչ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետագա քայլերը կախված կլինեն ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների արդյունքից։
Թեմա
Civilnet










