2012թ. Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը՝ գերազանցելով ԱՄՆ-ին: Ըստ ԱՄՆ-ի առևտրի նախարարության տվյալների՝ 2012թ. ԱՄՆ ապրանքների արտահանումը և ներկրումը կազմել է $3,82 տրլն: Անցած տարի Չինաստանի առևտրի ծավալները կազմել են $3,87 տրլն, հաղորդում է Bloomberg-ը:
Ամերիկյան Goldman Sachs Group-ի կանխատեսման համաձայն՝ Չինաստանի աճող ազդեցությունը կարող է խարխլել տարածաշրջանի առևտրային դաշինքները: Մասնավորապես՝ Գերմանիայի արտահանումները Չինաստան երկու անգամ կգերազանցեն նրա արտահանման ծավալները Ֆրանսիա:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ ԱՄՆ տնտեսությունը գումարային արտահայտությամբ երկու անգամ գերազանցում է Չինաստանի տնտեսությունը: Այպես՝ ՀԲ տվյալների համաձայն՝ 2011թ. ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է $15 տրլն՝ Չինաստանի $8,3 տլն-ի համեմատ:
Մինչ 2016թ. Չինաստանը կարող է դառնալ համաշխարհային առևտրային գերտերություն՝ պահպանելով էներգակիրների խոշորագույն սպառողի և ոսկեարժութային խոշորագույն պահուստներ ունեցող երկրի իր կարգավիճակը: Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամի՝ China Investment Corp-ի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. Չինաստանի տնտեսական աճը կկազմի ավելի քան 8%:
Միջազգային PricewaterhouseCoopers աուդիտորական և խորհրդատվական ընկերության կանխատեսման համաձայն՝ մինչև 2017թ. Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի թիվ մեկ տնտեսությունը:
PricewaterhouseCoopers-ի զեկույցի համաձայն՝ մինչև 2017թ. Չինաստանի ՀՆԱ-ն կկազմի գրեթե $20 տրլն՝ գերազանցելով ԱՄՆ ցուցանիշը: Մինչ 2030թ. Ճապոնիան, որը ներկայում աշխարհի երրորդ տնտեսությունն է, իր տեղը կզիջի Հնդկաստանին:
Ընկերության փորձագետների կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տասնամյակում Չինաստանի տնտեսական աճի տեմպերը կհատեն Պեկինի կողմից թիրախային սահմանված տարեկան 7% ցուցանիշը: Մինչ 2050թ. աճը կդանդաղի, և Չինաստանի տնտեսությունը, որն առավելապես արտահանման ուղղվածություն ունի, կսկսի հենվել ներքին սպառման վրա՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և աշխատուժի թանկացմամբ:
Բացի այդ՝ չինական ընկերությունները կսկսեն իրենց արտադրությունը այլ երկրներ՝ մասնավորապես Վիետնամ և Ինդոնեզիա տեղափոխել՝ պայմանավորված արտադրական ծախսերի մեծացմամբ: Հանգուցային մի շարք շուկաներում, ինչպես օրինակ ԱՄՆ և Եվրոպա, չինացի արտահանողները կսկսեն մրցակցել հիմնականում արտադրանքի որակի և գնի հարցերում:
Civilnet











