Գլխավոր Լրահոս

«Լիդիան Արմենիա»-ն վարկային միջոցներ է ներգրավել «Ամերիաբանկ»-ից

«Լիդիան Արմենիա»-ն վարկային միջոցներ է ներգրավել «Ամերիաբանկ»-ից

Գևորգ Թոսունյան

«Լիդիան Արմենիա»-ն 150 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավել «Ամերիաբանկ»-ից։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է հանքարդյունաբերող ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը։

Պատասխանում նաև նշվում է, որ Ամուլսարի ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն իսկ վերսկսվել են և ներկայում ակտիվ փուլում են։

«Ծրագրի ֆինանսավորման համար ներգրավված ամբողջ գումարը ուղղվելու է Ամուլսարի հանքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»,- հայտնել է ընկերության գլխավոր տնօրենը։

ՍիվիլՆեթն այս հարցումն ուղարկել էր դեռ նախորդ շաբաթ, մենք տեղեկություններ ունեինք, որ ընկերությունը ներդրողի հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Ալոյանը հերքել է այս տեղեկությունը։

***

2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։ Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլն-ը՝ տեղական բանկից, ևս 100 մլն-ը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։ Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։

2023-ի մայիսին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել էր, որ վարկի տրամադրման համար բանկը պատվիրել է բնապահպանական նոր փորձաքննություն՝ վերջնական որոշում կայացնելու համար։

2024-ի տարեվերջին ՍիվիլՆեթը գրել էր, որ ԵԱԶԲ-ի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման գործընթացը տապալվել է։

2024-ի դեկտեմբերին Ֆինանսների նախարարությունը սկսեց ուսումնասիրել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի փաթեթը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար պետական երաշխիք տրամադրելու նպատակով։

2025-ի փետրվարին կառավարությունը որոշեց մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ Ապրիլի 30-ին, սակայն, կառավարությունը նոր որոշում ընդունեց։ Նշվում էր, որ ընկերության և առևտրային բանկերի միջև բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու բանկերի կազմը, ինչի պատճառով անհրաժեշտ էր վերանայել և փոփոխել կառավարության՝ բյուջետային երաշխիք տրամադրելու մասին նախկին որոշման բովանդակությունը։ Որոշման մեջ շահառու էր նշվում «Ամերիաբանկը» կամ այլ բանկեր։ Այդուհանդերձ, «Ամերիաբանկի» անվանումը շեշտադրված էր այդ իրավական փաստաթղթում։

«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր-տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տոննա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում