Լավրովը Պուտինի հետ կգնա Թրամփի հետ հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 15-ին Ալյասկայում կմասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների գլխավորությամբ կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Ինչպես հայտնի է, հատկապես նախորդ վարչակազմերի օրոք երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Մենք կարծում ենք, որ այս հանդիպումը պետք է թույլ տա առաջնորդներին կենտրոնանալ կուտակված բոլոր հարցերի քննարկման վրա՝ ուկրաինական ճգնաժամից մինչև նորմալ, ֆունկցիոնալ երկկողմ երկխոսության հաստատման խոչընդոտները, որոնք առաջնային նշանակություն ունեն միջազգային խաղաղության և կայունության ապահովման առումով», - ընդգծել է Ֆադեևը։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա։ Կրեմլն ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում, ընդգծել է Ուշակովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով Ալյասկայի հանդիպմանը հայտարարել է, որ անհնար է խոսել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի։
«Նրանք չեն կարող ընդունել Ուկրաինայի վերաբերյալ որևէ բան առանց մեզ։ Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը կհասկանա սա և հաշվի կառնի դա»,- ասել է Զելենսկին։
Թեմա
Civilnet










