Տիգրան Ուլուբաբյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ դիմելով գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին։
«Սույնով տեղեկացնում եմ, որ այսօր ունեցել եմ հեռախոսազրույց իմ պաշտպանյալ Տիգրան Ուլուբաբյանի հետ, որի ընթացքում նա ինձ տեղյակ է պահել, որ այսօրվանից հայտարարում է հացադուլ:
Հացադուլի պատճառներն, ըստ Տիգրան Ուլուբաբյանի, հետևյալն են՝
1. Իր նկատմամբ կալանքի կիրառումը, որը, մեր գնահատմամբ, իրականացվել է առանց բավարար և հիմնավորված ապացույցների։
2. Քննիչների շահագրգռված վերաբերմունքը՝ նրան պահել ազատությունից զրկված վիճակում, քանի որ, ըստ նրա, իրեն ֆիզիկական բռնության ենթարկած ոստիկանները հանդիսանում են տվյալ քննիչների անձնական շրջապատից։
3. Երկու անգամ դիմել է քննիչին փոխելու խնդրանքով, սակայն երկուսն էլ մերժվել են՝ առանց բավարար հիմնավորման։
4. Իր գործով քննիչների կողմից չի դրսևորվում պատշաճ ջանասիրություն, ինչի հետևանքով քննության ընթացքը դանդաղում է և կասկած է հարուցում քննության անաչառության վերաբերյալ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում եմ վերանայել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդման ընթացքը, և՝ հնարավորության դեպքում, քրեական գործը փոխանցել մեկ այլ քննիչի՝ ապահովելու քննության օբյեկտիվությունն ու անաչառությունը։
Տիգրան Ուլուբաբյանը ծնողազուրկ է երկու կողմից, իսկ նրա ավագ եղբայրը զոհվել է պատերազմի դաշտում։ Հույս ունեմ, որ գոնե այս իրականությունը ձեր համար պատճառ կդառնա Տիգրանի այդ փոքրիկ խնդրանքը կատարելու համար։
Նախապես շնորհակալություն եմ հայտնում համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում Ձեր արձագանքի համար» ,- գրել է նա։
***
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը մեկ ամսից ավելի է՝ կալանքի տակ է Վանաձորում տեղի ունեցած ավազակությանը օժանդակելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեն պնդում է, որ մարտին երկու մարդ ապօրինի ներթափանցել է բնակարան և զենքի սպառնալիքով պահանջել զարդեր ու գումար։ Կալանավորվելուց առաջ Տիգրանը հայտարարել էր, որ Լոռու մարզային վարչությունում իրեն ծեծել են և ստիպել խոստովանել մեղքը։
Փաստաբանի Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ մեղադրանքի միակ ապացույցը մի կնոջ վկայություն է, որը կասկածվում է մեկ այլ հանցագործության մեջ։ Եվ նա, ըստ Բեգլարյանի, ոստիկանների ճնշման տակ ասել է, թե ամուսնու խոսակցությունից լսել է՝ «Տիգրանին հալալ է, ինչքան էլ ծեծում են, մեղքը չի վերցնում»։
Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով գործ հարուցեցին, երբ Երևանում՝ Քննչականի շենքի առաջ, ցուցարարները օրերով պահանջում էին անմիջապես ձերբակալել ոստիկաններին:
Ավելի վաղ Ազգային ժողովում անդրադառնալով Ուլուբաբյանի պնդմանը, թե ծեծի է ենթարկվել ութ հոգու կողմից, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրապարակել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նշված վնասվածքները «չեն հաստատվել զննությամբ և չեն ճանաչվել որպես մարմնական վնասվածք»։
Civilnet











