Վաշինգտոնում հակասական գնահատականներ են հնչում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Վաշինգտոնում հնչում են տարբերակված գնահատականներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ ռուս-ուկրաինական զինադադարի շուրջ որոշակի առաջընթաց կա, սակայն համաձայնագրին հասնելը դեռևս հեռու է։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պնդում է, որ բանակցություններում ստացվել են «բեկումնային» արդյունքներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։
Ռուբիոն, ըստ Politico.com-ի, ասել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը որոշ հնարավոր համաձայնեցումների կետեր են նշել, սակայն լուրջ տարաձայնությունները մնում են։ Նրա խոսքով՝ հավելյալ պատժամիջոցների կիրառումը այս փուլում միայն կխոչընդոտի գործընթացը և կարող է երկարաձգել պատերազմը առնվազն ևս մեկ տարով։ «Կա գաղափարների ու հայեցակարգերի շարք, որոնք ընդունելի կլինեն ուկրաինացիների համար, սակայն մենք դեռ չենք հասել համաձայնագրի շեմին»,- նշել է պետքարտուղարը։ Ռուբիոն նաև ընդգծել է, որ պատասխանատվությունը դրվում է թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի վրա։
Ի հակադրություն Ռուբիոյի հայտարարությունների՝ Սթիվ Ուիթքոֆը CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ հանդիպումը բերել է «կրիտիկական հաղթանակներ»։ Նրա խոսքով՝ քննարկվել են Ուկրաինային «ՆԱՏՕ-ի Հոդված 5»-ին նմանվող անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչը կարող է ապահովել, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Կիևն ունենա կոլեկտիվ պաշտպանություն։ Ուիթքոֆը դրանք համարել է «խաղի կանոնները փոխող» պայմանավորվածություններ՝ ընդգծելով, որ նախկին վարչակազմերի համեմատ Մոսկվայի հետ համագործակցության պատրաստակամությունն այժմ ավելի մեծ է։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Զելենսկուն Վաշինգտոնում ուղեկցելու են եվրոպական երկրների և ԵՄ կառույցների, ՆԱՏՕ-ի առաջնորդները։
Սիրանուշ Ադամյան
Թեմա
Civilnet










