Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի ճշգրիտ հարվածները Պակիստանին և արևմտյան կողմնակալ խոսույթները

Հնդկաստանի ճշգրիտ հարվածները Պակիստանին և արևմտյան կողմնակալ խոսույթները

Արևմտյան մամուլի դժկամությունը՝ հստակ ձևակերպելու Հնդկաստանի գերազանց գործողությունները արտացոլում է արևմտյան լրագրության ավելի լայն միտումը՝ խուսափելու ընդունել Հնդկաստանի աճող ռազմական կարողությունների փաստը, հնդկական Asianlite կայքում գրում է հնդիկ վերլուծաբան Ռակեշ Շարման։

Հնդկաստանի «Սինդուր» գործողությունը, որը սկսվեց մայիսի 7-ին՝ ի պատասխան ապրիլի 22-ին Փահալգամի ահաբեկչական հարձակման (որի հետևանքով զոհվել էր 26 հնդիկ զբոսաշրջիկ), Հնդկաստանի կողմից Պակիստանի դեմ իրականացված ամենախոշոր ռազմական գործողությունն է 1971-ի պատերազմից ի վեր։ Արբանյակային լուսանկարները և անկախ վերլուծությունները հաստատում են Պակիստանի ռազմական ենթակառուցվածքի էական վնասները՝ ցույց տալով ինչպես Հնդկաստանի ճշգրիտ հարվածների կարողությունները, այնպես էլ երկու երկրների միջև գործողությունների արդյունավետության անհամաչափությունը։ Գործողության ծավալը տպավորիչ էր ցանկացած չափանիշով։ Հնդկաստանը հաջողությամբ թիրախավորեց Պակիստանի վեց օդային բազաներում տեղակայված մի շարք բարձրարժեք ռազմական օբյեկտներ՝ Պակիստանի տարածք ներթափանցելով մինչև 100 մղոն խորությամբ։ Այս հարվածների ճշգրտությունը հատկապես նշանավոր էր․ հնդկական ուժերը ցուցադրեցին վիրաբուժական ճշգրտություն՝ խոցելով կոնկրետ ռազմական օբյեկտներ և նվազագույնի հասցնելով ուղեկից վնասները։ New York Times-ի և Washington Post-ի վերլուծած արբանյակային ապացույցները հաստատեցին Պակիստանի ռազմական ենթակառուցվածքի լուրջ կորուստները։ Կարաչիի մոտ գտնվող Բհոլարի ավիաբազայում հնդիկները ճշգրիտ հրթիռներով խոցել էին ինքնաթիռների անգարներ։ Իսկ Ռավալպինդիում տեղակայված Նուր Խանի ավիաբազան, որն ընդամենը 15 մղոն հեռավորության վրա է Պակիստանի բանակի շտաբից և շատ մոտ՝ երկրի միջուկային զինանոցի պահպանման համար պատասխանատու օբյեկտներին, լուրջ վնաս էր կրել․ խոցվել էր շարժական կառավարման երկու կենտրոն։

Փենջաբի նահանգում Սարգոդայի ավիաբազայի թռիչքուղին մի քանի հատվածներում խոցվել էր, իսկ Ռահիմ Յար Խանի ավիաբազան ամբողջությամբ դուրս է եկել շարքից, ինչը պաշտոնապես ընդունեցին նաև պակիստանցի իշխանությունները։ Շեյխ Զայեդ օդանավակայանի թագավորական սրահը նույնպես զգալի վնաս էր կրել, ինչը վկայում էր Հնդկաստանի պատասխան գործողության համապարփակ բնույթի մասին։ Հնդկաստանի թիրախների ընտրությունը ցույց տվեց նաև նրա հետախուզական բարձր կարողությունները և ռազմավարական պլանավորումը։ Գործողությունը հետևողականորեն թուլացրեց Պակիստանի հարձակողական և պաշտպանական օդային հնարավորությունները՝ կենտրոնանալով կարևոր ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ անգարների, թռիչքուղիների, ռադարային կայանների և հրամանատարական կետերի։ Պասրուրի ռադարային համակարգերի և Սիալկոտի ավիացիոն բազայի ճշգրիտ խոցումները ևս վկայում էին Պակիստանի վաղ նախազգուշացման համակարգերը չեզոքացնելու Հնդկաստանի կարողության մասին։

Չնայած առկա բազմաթիվ արբանյակային ապացույցներին, որոնք հաստատում են Հնդկաստանի գործողությունների հաջողությունն ու Պակիստանի սահմանափակ արձագանքման կարողությունները, արևմտյան լրատվամիջոցների լուսաբանումը ցույց տվեց կեղծ հավասարություն։ Հիմնական մեդիանյութերը հակամարտությունը որպես կանոն են որպես փոխադարձ թշնամական գործողությունների շարք՝ չընդգծելով ռազմական արդյունավետության և ճշգրտության զգալի տարբերությունը։ Հնդկաստանի գերազանց կատարողականը հստակ ձևակերպելու արևմտյան լրագրության դժկամությունը վկայում է ավելի լայն միտումի մասին, այն է՝ չընդունել Հնդկաստանի ռազմական հզորացումը։ Այս կողմնակալությունը դրսևորվում է Հնդկաստանի տեխնոլոգիական առաջընթացի թերագնահատմամբ, Պակիստանի պնդումների չափազանց մեծ շեշտադրմամբ առանց պատշաճ ստուգման և հավասարակշռության արհեստական պահպանմամբ, որը խեղաթյուրում է փաստացի իրականությունը։ Արևմտյան մամուլը հաճախ ընդգծում էր Պակիստանի հաղորդած քաղաքացիական զոհերի թիվը՝ բավարար ուշադրություն չդարձնելով Հնդկաստանի հարվածների ճշգրտությանը, որոնք ուղղված էին բացառապես ռազմական ենթակառուցվածքին։ Խտրական այս շեշտադրումը աղավաղված խոսույթ է ստեղծում, որը չի արտացոլում գործողության իրական ընթացքն ու արդյունքները։ «Սինդուր» գործողության լուսաբանումը կտրուկ տարբերվում էր արևմտյան ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակումներից, որտեղ ճշգրիտ հարվածներն ու տեխնոլոգիական գերազանցությունը գնահատվում են, ոչ թե թերագնահատվում։ Այս երկակի չափանիշները վկայում են խորքային կողմնակալության մասին, թե ինչպես է միջազգային լսարանին մատուցվում Հնդկաստանի ռազմական կարողություններն ու ռազմավարական արձագանքները։

Արևմուտքի համակրանքը Պակիստանի հանդեպ, որը հաճախ պայմանավորված է տարածաշրջանային կայունության մասին մտահոգություններով, ավելի ու ավելի է վերածվում ռազմավարական սխալի՝ հաշվի առնելով Պակիստանի խորացող կապերը Չինաստանի հետ։ Պակիստանի մասնակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, Գվադարի նավահանգստում չինական ռազմածովային օբյեկտների հյուրընկալումը և Պեկինի կողմից Իսլամաբադին ցուցաբերվող ծավալուն ռազմական օգնությունը հիմնովին փոխել են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Արևմուտքի՝ իր լուսաբանման և դիվանագիտական դիրքորոշումների մեջ արհեստական հավասարակշռություն պահպանելու փորձերը փաստացիորեն ուժեղացնում են Չինաստանի գլխավոր դաշնակիցներից մեկին, որը անմիջականորեն մարտահրավեր է նետում Արևմուտքի շահերին Հնդկաչինական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մոտեցումը ռիսկի տակ է դնում Հնդկաստանի՝ աշխարհի ամենամեծ ժողովրդավարության հետ հարաբերությունները, որը բնական ռազմավարական գործընկեր է Չինաստանի էքսպանսիան զսպելու գործում։ Այս մոտեցումը նաև անուղղակի աջակցություն է մի պետության (Պակիստանին), որն ավելի ու ավելի է ծառայում Պեկինի տարածաշրջանային հավակնություններին։

Հատկանշական էր հնդկական Rafale կործանիչի խոցման վերաբերյալ անհամաչափ մեդիա լուսաբանումը։ Արևմտյան լրատվամիջոցները լայնորեն անդրադարձան Պակիստանի չհաստատված պնդումներին Rafale-ի խոցման մասին՝ չնայած հավաստի ապացույցների բացակայությանը։ Նույնիսկ եթե նման կորուստ տեղի ունեցած լիներ, այն ընդունելի վնաս կհամարվեր ցանկացած ռազմական բախման մեջ, որը կանխատեսում է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ուժ և որից սովորում է։ Մարտավարական վերլուծության և կարողությունների զարգացման գործում Հնդկաստանի համակարգված մոտեցումը հավաստում է, որ մեկուսացված միջադեպերը նպաստեն ընդհանուր ռազմավարական կատարելագործմանը, այլ ոչ թե համակարգային թուլացմանը։ Այս չափազանցված ուշադրությունը ծառայում է երկակի նպատակների։ Այն հնարավորություն է տալիս արևմտյան զինտեխնիկայի մատակարարներին ազդեցություն գործել Հնդկաստանի գնումների որոշումների վրա՝ փորձելով փոխարինել ֆրանսիական Rafale-ները այլ մոդելներով, և միաժամանակ մթագնում է հնդկական օդային գործողություններին արդյունավետ հակազդելու Պակիստանի փաստացի անգործունակությունը։ Խոսույթը հարմար կերպով ուշադրությունը Պակիստանի հակաօդային պաշտպանության ամբողջական ձախողումներից տեղափոխում է դեպի ենթադրյալ հնդկական կորուստները, ինչը ցույց է տալիս, թե ինչպես մեդիայի կողմնակալությունը կարող է ծառայել թե՛ առևտրային, թե՛ աշխարհաքաղաքական օրակարգերի։

«Սինդուր» գործողությունը ջրբաժան էր Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում․ այն ցույց է տալիս Հնդկաստանի վերափոխված ռազմավարական կարողությունները և ուժի արդյունավետ կիրառումն ապահովելու Պակիստանի թուլացող կարողությունը։ Պակիստանի ռազմական ենթակառուցվածքին հասցված մեծածավալ վնասները, որոնք հաստատվել են արբանյակային անկախ վերլուծությամբ, էապես տարբեր են Պակիստանի սահմանափակ և հիմնականում չհաստատված արձագանքից։ Արևմտյան լրատվամիջոցների հավատարմությունը հավասարության կեղծ խոսույթներին՝ չնայած գործողությունների անհամաչափությանը, վկայում է ավելի խորը կողմնակալության՝ Հնդկաստանի օրինական անվտանգության մտահոգություններն ու ռազմական հզորացումն անտեսելու մասին։

Քանի որ տարածաշրջանային դինամիկան շարունակաբար փոխվում է, փաստացի իրողությունները ներկայացնող ճշգրիտ լուսաբանումը, այլ ոչ թե նախապես ձևավորված խոսույթները, վճռորոշ են դառնում Հարավային Ասիայի ռազմավարական զարգացումները հասկանալու համար։ «Սինդուր» գործողության հաջողությունը հաստատում է ահաբեկչության դեմ Հնդկաստանի ռազմական արձագանքի նոր չափորոշիչները՝ թե՛ կարողություն, թե՛ զսպվածություն՝ ռազմավարական նպատակներին հասնելու գործում՝ միաժամանակ պահպանելով էսկալացիայի վերահսկողությունը։

Հոդվածը հրապարակվել է հնդկական Asianlite.com կայքում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում