Ռոբերտ Այդաբիրյան
Սկսենք 1991-ին անկախության վերականգնումից հետո կառավարության գործունեությունից քաղված դասերից։ Մեզանից ավելի համառների մոտ ինքնավերլուծության այս աշխատանքը կարող է սկսվել հայկական ինքնության ձևավորման ակունքներից։ Բայց քանի որ որակի պիտակի քննարկումը պահանջում է բոլոր հանգամանքների առկայություն և համադրում, մենք կարիք ունենք դա անել ներկա փուլում՝ գնահատելու պատմության ծանր հարվածներ ստացած և անբարենպաստ աշխարհագրություն ունեցող Հայաստանի ստեղծման գործողությունները, մեթոդները և ձախողումները։ Այլ կերպ ասած, իրականացնել ընդհանուր աուդիտ՝ բաց ճակատով և առանց հենակների առաջ շարժվելու համար։
Հանրային կառավարման, ինչպես նաև Սփյուռքին վերաբերող հարցերի կառավարման համար անհրաժեշտ է դրսևորել բացառիկ օրինակելի գործելակերպ։ Հայաստանի նման փոքր պետությունը չի կարող հանդուրժել կոռուպցիայի բարձր աստիճան, որը իսկական չարիք է և ծառայում է միայն նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել պետությունը։ Կոռուպցիան պարզապես ռեսուրսների յուրացում ու փողերի լվացում չէ, այն նաև գիտելիքների լվացում է, իրավասությունների խեղաթյուրում և քաղաքական կուրություն։ Այս ուղղությամբ բարելավումները ողջունելի են։ Ինքնության թունավորման այս ռիսկը նույնքան տեսանելի է Երևանում, որքան Սփյուռքի խոշոր համայնքներում, որոնք հաճախ շփացած ու քմահաճ են, իսկ երբեմն էլ անպատասխանատու իրենց գործողություններով ու ուղերձներով։
Հայաստան-Սփյուք միասնության մասին երազելը ոչ մի տեղ չի տանի, եթե այդ ներառական պատկերացումը փոխակերպվի բացառման գաղափարախոսության։ Եթե պետության ստեղծման պատրաստի լուծումները ենթադրում են խաղաղ ու ներդաշնակ պայմաններում բոլորի կարողությունների համախմբում, ապա գաղափարախոսական ցանկացած պարտադրանք կարող է այն մասնատել ու վերածել մղձավանջի։ Եվ, ընդհակառակը, երազելով կառուցել Հայաստանի Հանրապետությունը անդրազգային մեղմ ուժի հիման վրա (transnational soft power), որը կբյուրեղացնի բոլորի հնարավորությունները, միայն այդ դեպքում է, որ պետության վերակառուցման ծրագրերը կխթանեն յուրաքանչյուրի գիտելիքների ներառումը ընդհանուր գործի մեջ։
Կառուցել մեր բոլորի ընդհանուր տունը նախ և առաջ նշանակում է ունենալ կառավարման բարձր կարողություն՝ համարժեք առկա մարտահրավերներին։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխանության գերակայություն։ Առանց ինքնիշխանության՝ չկա որակի պիտակ, և հակառակը, առանց որակի պիտակի` չկա ինքնիշխանություն։ Միջազգային իրավունքով ճանաչված ներկա սահմաններով ինքնիշխան պետության փոխարեն այլ նպատակ դնելը հայերին կտանի քաոսի, տանջանքների ու ամայության։ Եվ, հակառակը, ժամանակակից, բարգավաճ, խելացի, ինտեգրված, կրթված և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության մասին երազել հնարավոր է, եթե մեր բոլոր մտքերն ու էներգիան ուղղենք ապագա հզոր Հայաստանի կերտմանը և, որպես իդեալ, հասնենք դրան՝ այլ ոչ թե մնանք անցյալում։
Եթե մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր ժամանակների նահատակներին, ապա միակ լուծումը հայկական պետությունը կառուցելն է ճիշտ հիմքերի վրա, այլ ոչ թե դրոշներ այրելը կամ հնացած կարգախոսներ գոռալը։ Եթե մենք ուզում ենք արժանիորեն հիշել ցեղասպանության և մեր ժողովրդին պատուհասած այլ ողբերգությունների զոհերին, լավագույն լուծումը հայկական պետություն կառուցելն է, որտեղ նրանց հիշատակը կենդանի կլինի, որտեղ նրանց հոգիները կսավառնեն բարձրակարգ կրթական, առողջապահական, տեխնոլոգիական, ռազմական համալիրների վերևում։
Հայկական որակի պիտակի համար առաջնային դեր ունի կրթությունը։ Կրթությունը հիմնարար ոլորտ է, որը ձևավորում է յուրաքանչյուր անհատի գիտելիքների տվյալների բազա, ընդհանուր արժեքներ ու ընդհանուր շահերին նվիրվածություն։ Որակի այս պիտակի համար անհրաժեշտ է արժևորել ուսուցչի ու աշակերտի, դասախոսի ու ուսանողի համագործակցային աշխատանքը։ Որակի այս պիտակը միաժամանակ միջոց է առաջադիմելու և աշխարհի լավագույն փորձը կիսելու համար։ Քաղաքագիտության ինստիտուտի, ինչպես նաև կառավարման, ինժեներական, գյուղատնտեսական բարձրակարգ կրթական հաստատությունների հիմնումը այսօրվա առաջնահերթությունն են։ Սա շատ հրատապ է, եթե մենք ուզում ենք մինչև 2035-ը փոխել իրադարձությունների ընթացքը և փոխհատուցել կորցրած ժամանակը։
Ռոբերտ Այդաբիրյանը ֆրանսահայ գործիչ է, վերլուծաբան։ Նա հայկական հարցերի պաշտպան ու լոբբիստ է ֆրանսիական և եվրոպական քաղաքական շրջանակներում
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Armenews.com կայքում
Civilnet











